ԿԲ. Ներքին զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա

11.06.2019 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրանիկ Գրիգորյան #ԿԲ
2018-ին Հայաստանի ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները պահպանվել են, արձանագրվել է գործունեության ծավալային աճ:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ներկայացնելով «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018թ.» տարեկան զեկույցը, նշել է, որ տարվա ընթացքում համակարգն ապահովել է շահույթ:

Նրա խոսքով՝ ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առեւտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ:

Անդրանիկ Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանի ներքին զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա։

«Ունեցել ենք էական աճ, որը զուգորդվել է նրանով, որ ֆինանսական համակարգում՝ մասնավորապես բանկային համակարգում ռիսկերի էական կուտակում չի ձեւավորվել»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ տեղի էր ունեցել բանկերի խոշորացում, վարկավորման ծավալների աճ, ինչպես նաեւ արտաքին միջավայրից բխող ռիսկերի որոշակի փոփոխություն, սակայն բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը շարունակել է մնալ բավականին բարձր։

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային եւ ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները:

«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018թ.» զեկույցի համաձայն՝ ՀՀ գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները եւ աճող անորոշությունները դեռեւս անբարենպաստ են Հայաստան արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար։

Ըստ ԿԲ-ի իրականացրած սթրես-թեստերի արդյունքների՝ Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի եւ կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները եւ ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:

Բացի այդ, բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի մշակած Բազել 3-ի պահանջների ներդրման շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկը մշակել եւ ընդունել է «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման եւ հաշվարկման» կարգը, որը ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլից: Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի ձեւավորմանը եւ քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Դիտում՝ 3040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW