Կոնվերս Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք - Կանաչ առեւտուր» մրցանակին

14.05.2019 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ
Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Առեւտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018 - Կանաչ առեւտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար:

Բանկում նշել են, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին Սարաեւոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի եւ բիզնես համաժողովի ընթացքում:

«Արդիական ջերմոցային համալիրի ներմուծումը Ռոքբերրի ընկերությունն իրականացրել է  հայտնի ֆրանսիական Ռիշել Գրուփ կազմակերպությունից՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջնակարգ բանկի կողմից եւ ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն եւ քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով»,- ասված է հաղորդագրությունում:

Նախագծի ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերված համակարգը թույլ կտա Ռոքբերրի ընկերությանը կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան շուրջ $50 000, ջրի սպառումը՝ տարեկան 50%-ով, ինչպես նաեւ էապես նվազեցնել CO2 գազի արտանետումները մթնոլորտ:

«Մենք Կոնվերս Բանկի ռազմավարությամբ ամրագրել ենք, որ էներգաարդյունավետ եւ կանաչ վարկավորումը հանդիսանալու են բանկի գերակա ուղղությունները եւ, ըստ էության, այս մրցանակը հաստատում է այս ուղղությամբ մեր ջանքերը: Մենք շնորհակալ ենք մեր բազմամյա գործընկերներին, մասնավորապես՝ ՎԶԵԲ-ին, որի մշտական աջակցության եւ վստահության շնորհիվ հնարավոր դարձավ այս նախագծի ֆինանսավորումը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նշվել է նաեւ, որ Ռոքբերրի ջերմոցային համալիրը ներկայում ունի ավելի քան 100 աշխատակից: Ջերմոցային համալիրում իրականացվում է 4 տեսակի  էկոլոգիապես մաքուր ելակի անխափան արտադրություն ողջ տարվա ընթացքում,  ինչը թույլ է տալիս ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

«ՎԶԵԲ-ի՝ տնտեսությունների կայուն զարգացմանը նպաստելու հանձնառությունը դրսեւորվում է տարբեր ձեւով եւ տեսքով, սակայն միայն մեկ՝ կանաչ գույնով: Մենք չենք կարող դա անել առանց մեր գործընկերների: Այսօր հպարտ ենք առաջին անգամ պարգեւատրել թողարկող եւ հաստատող բանկերին՝ կանաչ առեւտրին նվիրվածության համար: ՎԶԵԲ-ն իր գործունեության տարածաշրջաններում անչափ կարեւորում է էներգաարդյունավետությունը, արդյունավետ ջրօգտագործումը, վերականգնվող էներգիայի արտադրությունը եւ կլիմայի կայունությունը խթանող տեխնոլոգիաների ներդրումը, ինչը համահունչ է կայուն ներդրումներին աջակցելու ՎԶԵԲ-ի պարտավորվածությանը»,- նշել է ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

ՎԶԵԲ-ի կողմից Կանաչ առեւտրի համար մրցանակներ են շնորհվել առաջին անգամ: Մրցանակակիրների շարքում են նաեւ Raiffeisen Bank Aval եւ UniCredit բանկերը:
Դիտում՝ 7898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW