Միասնական տրանսպորտային համակարգից մինչեւ ճանապարհաշինություն

17.04.2019 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Արշակյան
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է նախարարության առաջիկա ծրագրերը տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտում։

Տեխզննման նոր համակարգ

Նոր համակարգին արդեն միացած են բոլոր տեխզննման կենտրոնները։

Այն հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննության կտրոնների մշակույթից, ինչպես նաեւ ամբողջական պատկեր ունենալ մեքենաների բազայի մասին:

Համակարգը հնարավորություն կտա նաեւ բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգությունը եւ կանխարգելել վթարները:

Ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն՝ լիցենզիա ստանալու եւ համակարգին միանալու համար։

Այս պահին աշխատում ենք օրենսդրական կարգավորումների վրա, որը կսահմանի, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ, ինչպիսի զննության պետք է ենթարկվի մեքենան եւ այլն։

Ակնկալում ենք, որ այս տարի օրենսդրական փաթեթը կընդունվի:

Միասնական տրանսպորտային համակարգի ներդրում

Ներկայում ուղեւորահոսքի ճշգրտման աշխատանքներ են ընթանում, որի արդյունքում մենք ունենալու ենք տեղեկություն, թե ինչ տիպի ու քանակի ուղեւորատրանսպորտային փոխադրամիջոցներ են անհրաժեշտ եւ ինչ հաճախականությամբ դրանք պետք է երթեւեկեն։

Կենտրոնացված համակարգը ենթադրում է նաեւ միասնական տոմսային համակարգ, որը կօգնի ուղեւորին հասկանալ, թե մի կետից մյուսը հասնելու համար ինչ երթուղով պետք է շարժվի եւ որքան ժամանակ կծախսի:

Բոլոր մեքենաների վրա տեղադրված կլինեն տեղորոշիչ սարքեր, որոնցով հնարավոր կլինի տեսնել, որտեղ են գտնվում տրանսպորտային միջոցները եւ ինչ գրաֆիկով են շարժվում։

Համակարգի միջոցով հնարավոր կլինի տեսնել նաեւ մեքենաների արագացումները եւ կտրուկ արգելակումները, որը կլուծի անվտանգության խնդիրները։

Ներկայում նոր ցանցի գործարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մշակման փուլում է։

Մայիսին կունենանք ուղեւորահոսքերի վերջնական պատկերը եւ կանցնենք մոդելավորման փուլին։

Ճանապարհաշինություն

Այս տարի իրականացնելու ենք աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ՝ շուրջ 300 կմ։ Կհատկացվի մինչեւ 20 մլրդ գումար՝ վարկային միջոցները ներառյալ։

Հիմնական ուղղություններն են՝ դեպի Վրաստանի սահման եւ Մեղրիի հատվածները։

Պատրաստում ենք թվային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի տեսնել   ճանապարհի բոլոր հատվածների իրական վիճակը, ինչպես նաեւ շինարարությունն իրականացրած կազմակերպությունների տվյալները:
Դիտում՝ 3174
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW