«Սպայկա». ՊԵԿ-ը մեր դեմ անհարկի հետապնդում է իրականացնում

05.04.2019 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպակա» #ՊԵԿ
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անհարկի հետապնդումներ է իրականացնում իր ղեկավարած ընկերության դեմ։

«Ես շոկի մեջ եմ։ Երեկ անակնկալի եկա, երբ հրավիրվեցի ՊԵԿ քննչական խմբի հետ հանդիպման։ Ինձ միանգամից մի մեծ հատոր փաստաթղթեր ներկայացրեցին՝ կալանքի միջնորդության մասին, որն այսօր քննվելու է դատարանում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Սպայկա»-ի տնօրենը։


Նա հիշեցրել է, որ անցած տարի «Սպայկա»-ում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, որի արդյունքում ընկերության կողմից եղել է ճշգրտում՝ 2 մլրդ 45 մլն դրամի չափով շահութահարկի վճարում։


«2019թ. հունվարի 17 դրությամբ ամբողջությամբ այդ վճարումը կատարվել է։ Սակայն, իրականում ճշգրտում տեղի չի ունեցել, եւ ես գնացել եմ կոմպրոմիսի, քանի որ քաոս էր առաջացել, եւ ընկերությունը գնում էր սնանկացման»,- ասել է Դավիթ Ղազարյանը։

Նա նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը միշտ բաց ու թափանցիկ է եղել եւ տրամադրել է ցանկացած տեղեկատվություն։


«Ստուգումների ամբողջ ընթացում ՊԵԿ քննչական մարմիններն առնվազն մեկ մեքենա փաստաթուղթ են տարել։ Ստացել են մեզնից պահանջված բոլոր տեղեկությունները եւ բաց է մնացել միայն «Գրինպրոդուկտ» եւ «Վիլիջ գրուպ» ընկերությունների հարցը, որոնք փոխկապակցված չեն «Սպայկա»-ի հետ։ Այդ ընկերությունների հետ մենք ոչ մի կապ չունենք, ընդամենը բիզնես հարաբերություններ ունենք եւ ծառայություններ ենք մատուցել իրենց»,- հայտնել է Դավիթ Ղազարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ ՊԵԿ-ը «ուռճացված գումար է ներկայացնում «Գրինպրոդուկտ»-ի մասով»։

«Կարեւոր է հասկանալ, թե այդ 7 մլրդ դրամը ինչից է բաղկացած։ Այդ թվից մոտ 5,5 մլրդ-ը ներկայացված է որպես ԱԱՀ, իսկ 1,5 մլրդ-ը հարկատուրքն է։ Այսինքն՝ 5,5 մլրդ-ը հետ էին ստանալու։ Միգուցե մեզ հետ կա՞պ հաստատեին ու ասեին, որ այս գումարը ձեր հետ է կապվում, պետք է մուծեք։ Քննարկում ունենայինք եւ թեման փակվեր։ Բայց՝ ո՛չ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք»,- ասել է նա։
Դավիթ Ղազարյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից $100 մլն-ի ներդումային ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է։

Անդրադառնալով լուրերին, թե իր ղեկավարած ընկերությունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Միքայել Մինասյանի հետ, «Սպայկա»-ի տնօրենն ասել է.

«Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չկա։ Միքայել Մինասյանին ես անձամբ ճանաչում եմ, բայց մենք գործնական հարաբերություններ չունենք։ Մենք մեր ընկերությունում որոշակի ժամանակ ունեցել ենք համասեփականատեր, որը Ռոզա Ստեփանյանն էր։ Եղել է ներդրում, որից հետո մենք բաժանվել ենք չորս տարի հետո։ Ես ճանաչել եմ միայն նրան։ Այսօր ընկերության միակ սեփականատերը ես եմ»։
Դիտում՝ 1856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW