Թայբեյի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի՝ National Chiao Tung համալսարանի պատվիրակությունը ծանոթացել է հայաստանյան գյուղատնտեսության ներուժին, քննարկել խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիաների համատեղ մշակման ծրագրեր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշել են, որ համալսարանի փոխնախագահ Ջեյսոն ՅԻ-Բինգ Լինի գլխավորած պատվիրակության կազմում են եղել խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած պրոֆեսորներ ու հետազոտողներ։ Կազմակերպվել է նաեւ հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի հետ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկել են թայբեյցի գիտնականների մշակած տեխնոլոգիաները համատեղ զարգացնելու եւ գյուղատնտեսությունում կիրառելու ծրագրեր։ «Թայբեյը նույնպես սահմանափակ հողատարածքներ ունի, հետեւաբար՝ նույնպես միավոր հողատարածքից ստացվող բերքատվության որակի ու ծավալի բարձրացման խնդիր ունի։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիան զարգացնելու նպատակով համատեղ ներդրումային ծրագրի շուրջ քննարկում է սկսվել, որը հաջող իրականացման դեպքում գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, այլ նաեւ աշխարհին կարող է ներկայացնել խելացի գյուղատնտեսության նոր տեխնոլոգիա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։«Այս հանդիպումը համահունչ է համալսարանի զարգացման տեսլականին, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոգտեխնոլոգիականի»։ Սրա հիմքում նաեւ գիտաուսումնական կառույցների եւ նորարարական լաբորատորիաների ստեղծումն է։ Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության եւ արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ»,- նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։ Tweet Դիտում՝ 4307