2018-ին ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11,3%-ով

19.03.2019 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեյրան Սարգսյան #Արտակ Հանեսյան
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր, ամփոփելով Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները, ասել է, որ 2018-ին բանկերի ընդհանուր կապիտալը 2017-ի համեմատ աճել է շուրջ 78 մլրդ դրամով կամ 11,3%-ով։

«Յուրաքանչյուր տարի կապիտալի աճի միտումը համաչափ ավելանում է, եւ կարծում ենք, որ դա երկար կպահպանվի»,- ասել է նա:

«Տարեցտարի բանկային համակարգի նկատմամբ հաճախորդների եւ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը ավելացել է, եւ բանկերը հնարավորություն են ունեցել ավելի շատ միջոցներ ներգրավվել հետագա վարկավորումը իրականացնելու նպատակով»,- հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը:

Ասուլիսի շրջանակում ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2018-ին Հայաստանում գործել է 17 բանկ՝ 537 մասնաճյուղով, համակարգում աշխատել է 11 773 մարդ:

Բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 771,1 մլրդ դրամ, ակտիվները՝ 4963,5 մլրդ դրամ, վարկերը՝ 3245,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 4192,4 մլրդ դրամ:

«Համադրության մեջ դիտարկենք բանկային համակարգի հիմնական ցուցանիշները տնտեսության համախառն ներքին արդյունքի հետ։ Եթե մենք դիտարկենք վերջին յոթ տարվա կտրվածքով, ապա տեսնում ենք, որ համախառն ներքին արդյունքը ավելացել է 40,7%-ով, իսկ բանկային հիմնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են:

Օրինակ, վարկային ներդրումները 100%-ով, ակտիվները՝ 105%-ով, պարտավորությունները՝ 109%-ով, ժամկետային ավանդները՝ 118%-ով եւ կապիտալը՝ 88%-ով։ Սա խոսում է այն մասին, որ բանկային համակարգն առաջընթացիկ զարգացում է ունենում, քան ամբողջ տնտեսությունը, եւ որ բանկային համակարգն իր միջնորդական գործունեությունը (միջոցների ներգրավվում եւ տեղաբաշխում տնտեսության մեջ) տարեցտարի ավելի մեծացնում է»,- հայտարարել Սեյրան Սարգսյանը:

Բանկային համակարգում նախորդ տարի ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 1,34%, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE) 8,36%:

Վարկեր

2018-ին վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13,7%-ով եւ բանկերն ակտիվ ֆինանսավորել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:

Վարկային պորտֆելի բաշխումը, ըստ որոշ հիմնական ուղղությունների, ունեցել է հետեւյալ պատկերը. հիփոթեք՝ 263,3 մլրդ դրամ (22% աճ), գյուղատնտեսություն՝ 169,4 մլրդ դրամ (5,7% աճ), արդյունաբերություն՝ 540,3 մլրդ դրամ (9,4% աճ), տրանսպորտ եւ կապ 114 մլրդ դրամ (46,2% աճ), առեւտուր՝ 565,1 մլրդ դրամ (13% աճ), ծառայություններ՝ 225,1 մլրդ դրամ (31,2% աճ), սպառողական վարկեր՝ 789,1 մլրդ (36% աճ):

Ընդհանուր առմամբ, 2018-ին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերն աճել են 155 մլրդ դրամով (8,1%-ով):

Ավանդներ

2018-ին ընդհանուր ավանդները նախորդ տարվա համեմատ աճել են 273 մլրդ դրամով կամ 10,5%-ով եւ կազմել են 2 տրլն 863 մլրդ դրամ: Այդ թվում՝ ցպահանջ ավանդներն աճել են 183 մլրդ դրամով կամ 22%-ով, իսկ ժամկետային ավանդներն աճել են 90 մլրդ դրամով կամ 5,1%-ով:

Իրավաբանական անձանց ավանդներն աճել են 133 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 50 մլրդ դրամով կամ 3%-ով:

Վճարային քարտերով գործարքներ

2018-ին վճարային քարտերի քանակը կազմել է 2 024 070, որը 2017-ի (1 714 679) համեմատ ավելացել է 309 391-ով կամ 18,04%-ով:

2018-ին վճարային քարտերով կատարվել է 48 124 760 գործարք, որը նախորդ տարվա համեմատ (36 233 175) ավելացել է 11 891 585-ով կամ 32,8%-ով:

2018-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 1 932 804 մլն դրամ, որը 2017-ի համեմատ (1 576 818) ավելացել է 355 986 մլն դրամով կամ 22,6%-ով:

2018-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է 30 110 602, որը 2017-ի (25 234 703) համեմատ աճել է 4 875 899-ով կամ 19,3%-ով:

Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 18 014 158, որը 2017-ի (10 998 472) համեմատ աճել է 7 015 686-ով կամ 63,8%-ով:

Նախորդ տարի կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 536 867 մլն դրամ, որը 2017-ի (1 307 788 մլն դրամ) համեմատ աճել է 229 079 մլն դրամով կամ 17,5%-ով:

Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 395 937 մլն դրամ, որը 2017-ի (269 030 մլն դրամ) համեմատ աճել է 126 907 մլն դրամով կամ 47,2%-ով:

Ընդհանուր առմամբ բոլոր քարտերով կատարված գործարքների ծավալի 20%-ը կատարվել է անկանխիկ, իսկ 80%-ը կանխիկ համամասնությամբ:
Դիտում՝ 3762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW