Երեւան, 16 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Պետական հարկային ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը նախագահի եւ վարչապետի հանձնարարությամբ անց է կացնում կոնկրետ միջոցառումներ` պետբյուջեի հարկային մուտքերն ավելացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում հանդես գալով մամլո ասուլիսում, Վահրամ Բարսեղյանն ասել է, որ հարկային վարչարարության խստացմանն ու բոլոր հարկատուների համար հավասար պայմանների ստեղծման շնորհիվ, 2007 երկրորդ կիսամյակում բյուջեի ամսական հարկային մուտքերն աճում են միջինը 8-10 մլրդ դրամով: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին այն մասին, թե ինչպի՞սի փոփոխություններ են սպասվում Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, որոնց մասին օրերս հիշատակել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վահրամ Բարսեղյանն ասել է, որ դրանք հիմնականում կվերաբերվեն վճարված հարկերի ծավալներին: Վահրամ Բարսեղյանը հայտնել է, որ ներկայումս ծառայությունն անցկացնում է 500 տնտեսվարողների ստուգումներ: Նա պարզաբանել է, որ որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել տնտեսության առանձին ոլորտներում, որպեսզի հստակ պատկերացում ստացվի գոյություն ունեցող խնդիրների եւ անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Ներկայումս հետազոտվում է հանքային ջրերի ոլորտն ու ստուգվում են “Բջնի” ՓԲԸ, “Արզնի” ՓԲԸ եւ “Ջերմուկի մայր գործարանը”: SIL Group-ի մեջ մտնող “Բժնի” ՓԲԸ ստուգումների ընթացքում հայտնաբերվել է, որ ընկերությունը վաճառել է 102 մլն դրամի ապրանք, որը թաքցվել է հարկային մարմիններից: Վահրամ Բարսեղյանն ասել է, որ նմանատիպ պատկեր է SIL Group-ի մեջ մտնող մեկ այլ ընկերության` “Պիցցա դի Ռոմա” ՓԲԸ ստուգումների արդյուքներով: Այս ընկերությունում հայտնաբերվել են 750 մլն դրամի հարկային խախտումներ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5865