ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարեւորել է ոչ ստանդարտ լուծումները։ «Մի շարք հաջողություններ, որ մենք գրանցել ենք, պայմանավորված են եղել նաեւ GIZ-ի կողմից իրականացված եւ իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինենք ձեզ հետ միասին քննարկել մեր հետագա գործողությունները։ Այս բարձր ակնկալիքների եւ նպատակների փուլում կարեւոր են ոչ ստանդարտ լուծումները, եւ այստեղ է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձը եւ կարողությունները շատ օգտակար կլինեն»,- ասել է նախարարը։Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն նոր ՓՄՁ-ների առանց խոչընդոտների ստեղծման ապահովում, այլեւ գործող ընկերությունների մրցունակցության բարձրացում։ Քննարկվել է ոլորտի զարգացման պետական գործիքակազմը եւ ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման եւ հետագա համագործակցության վերաբերյալ:Նախարարը «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։Աննե Քեմփանը նշել է, որ գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ։Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներայացուցիչները նախարարին են հանձնել տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակված «Տեխնիկական աջակցություն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը` նորարարության խթանմանն ուղղված պետական համապարփակ ռազմավարության մշակման համար» փաստաթուղթը: Նախարարը նշել է, որ նորարարության խթանումը նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում, եւ այս տեսանկյունից ներկայացված փաստաթուղթը եւս կարող է օգտակար լինել ինովացիոն քաղաքականության մշակման գործընթացում: Tweet Դիտում՝ 1449