Ռուբեն Վարդանյանը՝ Baring Vostok-ի հիմնադրի կալանավորման մասին

21.02.2019 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Baring Vostok #Մայքլ Քալվի
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստի» պարբերականում սյունակ է գրել՝ «Ինչու է Մայքլ Քալվիի պատմությունը ստեղծում խոցելիության զգացողություն» վերտառությամբ:

Վարդանյանը, մասնավորապես, գրում է, որ առեւտրային վեճերը պետք է լուծվեն արբիտրաժային դատարաններում եւ ոչ թե քրեական հետապնդման միջոցով:

«Ամեն անգամ, երբ առեւտրային կոնֆլիկտները վերածվում են քրեական գործերի, ապա խոսքը մշտապես կոնկրետ անձերի մասին է: Դա հիմնականում personal է, եւ ոչ թե business: Երբ արեւմտյան ամենահայտնի գործարարներից մեկը, որի կառույցները իրական հարգանք են վայելում, վերածվում է քրեական խրոնիկայի նյուզմեյքերի, ապա դա ոչ միայն թեժ լուր է, այլեւ իրադարձություն: Ներդրումային շուկան շատ պահպանողական է, եւ այստեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Այդ պատճառով, երբ կալանքի տակ են վերցնում այնպիսի մարդկանց, ինչպիսին Մայքլ Քալվին է, անկասկած, էմոցիոնալ լարվածություն է առաջանում: Այդպիսի ֆիգուրները տնտեսական գործընկերային շրջանակներում ընկալվել են որպես արժանի գործարարներ, որոնք ներդրողների աչքում ձեւավորում են հայրենական շուկայի հեղինակությունը: Քալվին իսկապես հավատում էր Ռուսաստանին եւ շատ բան է արել այդ երկրի համար»,- գրում է Ռուբեն Վարդանյանը:

Սոցիալական ձեռներեցը նկատում է.

«Ես անգամ անհարմար եմ զգում արտահայտել այդ ծամծմված միտքը, բայց ամեն դեպքում՝ բոլոր օրենքների անհստակությունն ու ապագայի հանդեպ վստահության պակասը ներդրումների ներգրավման համար գլխավոր արգելքներից մեկն են»:

«Մենք փորձում ենք հասարակության նոր համակարգ կառուցել, որը հիմնված կլինի մասնավոր սեփականության վրա, եւ ինտեգրվել գլոբալ քաղաքական, ֆինանսական եւ տեխնոլոգիական աշխարհին, որում պետք է փոխկապակցված լինի այն ամենը, ինչը չի վերացնում հայացքների եւ ավանդույթների տարբերությունները (ինչը ճիշտ է եվրոպացու համար, սակայն կարող է անհասկանալի լինել ռուսաստանցու կամ չինացու համար եւ այլն): Միշտ կան տարբեր տեսակետներ, առկա են շատ տարբեր դրդապատճառներ: Սակայն պետք է հիշել, որ կապիտալի շուկայում «յուրայինի ու օտարի» բաժանումը, երբ քաղաքականությունը նենգափոխում է մրցակցությունը, հանգեցնում է նրան, որ ամբողջ գործընթացի արդյունավետությունը դառնում է ծայրահեղ ցածր: Հենց աշխարհների ու մոտեցումների տարբերությունն է զարգացնում շուկան, ստեղծում առողջ մրցակցություն: Մենք բոլորս պետք է սովորենք ապրել բարդ աշխարհում, որտեղ ամեն ինչ բաժանվում է սեւ ու սպիտակի: Գտնել շփման կետեր եւ ճիշտ լուծումներ՝ առաջ շարժվելու եւ ոչ թե հետ գլորվելու համար»,- գրում է Ռուբեն Վարդանյանը:
Դիտում՝ 6902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW