Գինեգործության զարգացման հեռանկարները՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

07.02.2019 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը մեծապես կարեւորում է գինեգործության շարունակական զարգացումը եւ այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել հանդիպումները գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է եւ այն, որ այսպիսի պատկառելի ներկայություն է ապահովվել, արդեն իսկ խոսուն փաստ է: Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք եւ դրանք թերեւս կապված են ոչ միայն հասանելիության, այլեւ արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ»,- ասել է վարչապետը ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Որքանով հասկանում եմ, շատ դեպքերում հայկական արտադրության գինին մրցունակ է որակի, գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետեւ երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, քան փոքր խմբաքանակները, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում»,- հավելել է կառավարության ղեկավարը:


Զեկուցվել է, որ 2017-ին 2016-ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր: Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016-ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով:


Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը:


Նիկոլ Փաշինյանը կոչ է արել առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել եւ ներկայացնել կառավարությանը՝ համատեղ կյանքի կոչելու նպատակով:

Անդրադառնալով Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը:

Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:
Դիտում՝ 2078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW