ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «մենք առավել մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած»: «Մենք կարիք ունենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացվեն տնտեսական փոփոխությունների, քաղաքական հեղափոխությունից անցնենք տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության եւ բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը եւ սա ոչ թե առանձին վերցված կուսակցության, անհատի, առավել եւս կամ կառավարության անելիք է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Քյոլնում գերմանահայ համայնքի հետ հանդիպմանը:Անդրադառնալով տնտեսական հեղափոխության տեսլականին՝ վարչապետը ներկայացրել է այս հարցում կառավարության մոտեցումները. «Մեր պատկերացումը չի փոխվել, այն մնացել է նույնը. ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր չէր եւ չէր կարող իրականացվել առանց յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չի լինելու իրականացնել առանց մեր հայրենակիցների, քաղաքացիների մասնակցության: Ինչպե՞ս մենք իրականացրինք քաղաքական հեղափոխությունը. մենք ստեղծեցինք հնարավորություն, որպեսզի ամեն քաղաքացի արտահայտի իր դիրքորոշումը եւ երաշխավորեցինք` այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները, հանրության մեծամասնությունը կարձանագրի եւ ի ցույց կդնի իր դիրքորոշումը, կանի իր անելիքը` փոփոխություններ բերելու համար, մենք երաշխավորում ենք, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, որտեղ պահանջվում է, որ յուրաքանչյուր մարդ պատրաստ լինի իր ներդրումը բերել տնտեսական հեղափոխությանը»: Tweet Դիտում՝ 1359