Երեւան, 8 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որին հաջողվել է խուսափել կտրուկ սղաճից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի /ԱՄՀ/ “Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսության զարգացման հեռանկարները” զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Կովկասն ու Կենտորանական Ասիան աշխարհում տնտեսական աճի ամենաբարձր տեմպ ունեցող տարածաշրջաններից են: Վերջին երեք տարիներին այն արտահայտվում է երկնիշ թվերով, իսկ այս տարի, ինչպես սպասվում է, կհասնի միջինը 13%-ի: Նավթ եւ գազ արտահանող երկրների` Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի տնտեսության վրա բարենպաստ է ազդում նավթի արագ աճող գինը: “Սակայն գործերը լավ են ընթանում նաեւ զգալիորեն քիչ բնական ռեսուրսներ ունեցող այլ պետություններում: Բարեփոխումների արդյունքում Հայաստանում եւ Վրաստանում `էապես բարելավվել է գործարար մթնոլորտն ու արագացել է ուղիղ արտասահմանյան ներդրումների հոսքը”,- նշել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վարչության ավագ խորհրդատու Դեվիդ Օուենը: Միեւնույն ժամանակ, ընդգծել է նա, սկսում է լարվածություն առաջանալ` սղաճի վերսկսման հետ կապված: “1990-ականների վերջի 15%-ից նվազելով մինչեւ մոտ 5-7% 2004 թվականին, տարածաշրջանի սղաճի տարեկան միջին տեմպը ներկայումս կրկին արտահայտվում է երկնիշ թվով: Պարենային մթերքների միջազգային գների սրընթաց աճով պայմանավորված` վերջին արտաքին շոկի ազդեցության ներքո այս տարվա սեպտեմբերին միջին սղաճը գերազանցել է 12%-ը եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ կրկին կավելանա: Բայց եւ մինչ այդ ցնցումը սղաճը անշեղորեն ավելանում էր: Սղաճը բորբոքում էին կայուն պահանջարկն ու աճող իրացվելիությունը, իսկ երկրների մեծամասնության կենտրոնական բանկերը մեծացնում էին ազգային տարադրամի առաջարկը ներհոսող արտարժույթը ձեռք բերելու համար` սեփական տարադրամի փոխարժեքի ամրապնդումը սահմափանակելու նպատակով: Բացառություն է կազմում Հայաստանը, որի ճկուն փոխարժեքային քաղաքականությունը օգնեց պահպանել սղաճը մոտ 5% մակարդակի վրա”,- նշել է Դեվիդ Օուենը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7139