Քաղաքապետարանը բացօթյա առեւտրականներին ուղղորդում է շուկաներ

08.01.2019 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բացօթյա առեւտուր #Վիկտոր Մնացականյան
Երեւանի քաղաքապետարանը բանջարեղենի եւ մրգի առեւտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առեւտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում:

Քաղաքապետարանում նշել են, որ այսօրվանից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

Քաղաքապետարանը սննդամթերքի առեւտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ:

Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առեւտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերը:

«Ըստ մեր տվյալների՝ Երեւանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաեւ մեր քաղաքացիներից: Մինչեւ ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առեւտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առեւտրին:  Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երեւան»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:


«Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առեւտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարեւանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առեւտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ եւ շարունակեն իրենց ապօրինի առեւտուրը»,-  նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Գյուղատնտեսական ապրանքների առեւտրի նպատակով Դավթաշենում նոր շուկա է բացվել:

«Առայժմ 20 տաղավար է տեղադրված, սակայն տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ տարածքը կարող է ընդլայնվել: Առաջիկայում այստեղ նախատեսվում է ստեղծել նաեւ ձմեռային առեւտրի համար առավել հարմարավետ պայմաններ, կլինեն պահեստներ, տարածքն ապահովված է նաեւ կոմունալ հարմարություններով»,- ասել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Դիտում՝ 2479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW