ԿԲ-ն պարզաբանում է FOREX շուկա մուտքը եւ ռիսկերը

24.12.2018 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #FOREX
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների վերաբերյալ:

«Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները:

FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, եւ պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ: Սովորաբար նման ներդրում կամ առեւտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին՝ խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաեւ չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները եւ հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը»,- ասված է հայտարարությունում:

ԿԲ-ն, հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար:

«Մասնավորապես, այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, որոնք ունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու եւ ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է»,- ընդգծել են ԿԲ-ում:

Ներդրվել են նաեւ պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ։
Դիտում՝ 2975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW