Առաջիկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կիրականացնի Հայաստանում առաջին DPO-ն

15.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ինչո՞վ էր պայմանավորված ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ռեսթայլինգի անհրաժեշտությունը, ինչ՞ ծավալի աշխատանք է կատարվել եւ ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:

- Ներկայիս զարգացման տեմպերը հիմք են տալիս դասել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգի ամենադինամիկ զարգացող բանկերի շարքին: Մասնավորապես, մշտապես ընդլայնվում է մասնաճյուղային ցանցն ու մատուցվող բանկային ծառայությունների շրջանակներն ու որակը, ավելանում են բանկի կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալները: Այսօր բանկն իր ուրույն տեղն Է գրավում հիպոտեկային, սպառողական վարկավորման ու պարտատոմսերի շուկաներում, ինչպես նաեւ ավանդային քաղաքականության ոլորտում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ընդլայնում եւ զարգացնում է գործընկերային հարաբերությունները միջազգային խոշոր բանկերի, ֆինանսական կառույցների հետ , մասնակցում է միջազգային խոշոր վարկային ծրագրերի:

Այս ամենը պարտադրում էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հանդես գալ նոր ոճով եւ գովազդային նոր քաղաքականությամբ:

Բանկի ռեսթայլինիգին մենք նախապատրաստվել ենք գրեթե կես տարի, իսկ աշխատանքներն այդ ուղղությամբ առավել ակտիվացրել ենք վերջին երեք ամիսներին: Հատուկ ստեղծված աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկները մանրամասն քննարկվել են բանկի գործադիր մարմնի եւ խորհրդի կողմից: Մեզ համար կարեւոր էր, որպեսզի ռեսթայլինգը լիներ իմաստավորված եւ արժանանար մեր հաճախորդների եւ ներդրողների արձագանքին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր լոգոտիպը, որում պատկերված են դեպի վեր ձգվող երկու սրաձեւ գագաթներ, խորհրդանշում է ոչ միայն բանկի անվանումը, այլեւ զարգացման այն դինամիկան, որն ունի բանկն այսօր եւ որի անընդհատ աճին են ուղղված լինելու բանկի բոլոր գործողություններն առաջիկա տարիներին: Իսկ ընտրված նոր գույները` բոսորագույնն ու արծաթագույնը, պրոֆեսիոնալիզմի, պահպանողական ագրեսիվության, ազնվազարմության խորհուրդն ունեն:

Ռեսթայլինգն, այո, պահանջել է որոշակի ծախսեր, սակայն տվյալ ծրագիրը մեր կողմից դիտվում է որպես բանկի իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտություն, ինչն, անկասկած, կհանգեցնի մեր գործունեության արդյունավետությանը:

- Ռեսթայլինգի անցկացումը ենթադրու՞մ է նաեւ բանկի գովազդային քաղաքականության փոփոխություն:

- Բնականաբար: Մշակվել են գովազդային նոր ապրանքատեսակներ եւ PR-ակցիաներ: Դա շարունակական աշխատանք է, որի ընթացքում մենք կկիրառենք միջազգային փորձը` ներդաշնակեցնելով այն մեր իրականության հետ: Մենք կկիրառենք նաեւ գովազդային քաղաքականության նոր էլեմենտներ:

- Վերջերս Դուք ասել եք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նպատակն է "իշխող դեր" զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում եւ ֆինանսական շուկայում: Ի՞նչ եք Դուք ներառում այդ հասկացության մեջ:

- Առաջին հերթին, խոսքը ֆինանսական շուկայում բանկի տեսակարար կշռի ավելացման մասին է` բոլոր ծառայությունների գծով: Արդեն այսօր բանկն ունի արտարժույթի փոխանակման ծավալի միջբանկային բավականին լուրջ ցուցանիշներ` 12-14%: Մենք հետեւողական աշխատանք ենք կատարում նաեւ բանկային այլ ծառայությունների գծով, եւ հստակ պատկերացնում ենք, թե որ տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հայտնվել երկրի ֆինանսական շուկայում քաղաքականություն թելադրող բանկի դերում:

Մեր բոլոր առաջարկները շուկայում թելադրված են հաճախորդների բանակ ունենալու, բանկի հանդեպ լոյալ լինելու եւ, բնականաբար, նրանց շարքերը մշտապես համալրելու անհրաժեշտությամբ: Այդ պատճառով մենք մեր ուշադրությունը շեշտադրում ենք նոր, իրենց մեջ սոցիալական պատասխանատվության մասնիկներ պարունակող ապրանքատեսակների եւ բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Մասնավորապես, բանկը մշակել է նոր տեսակի "Կենսաթոշակային" ավանդը, որը հնարավորություն է տալիս բանկում բացել կենսաթոշակային հաշիվներ: Ընդ որում, հնարավորություն է տրվում ձեւակերպել ինչպես ինստիտուցիոնալ (աշխատակիցների համար կենսաթոշակային հաշիվներ բացելու նպատակով կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելը), այնպես էլ անհատական կենսաթոշակային ավանդներ: Սոցիալական ուղղվածությամբ բանկի նոր ապրանքատեսակներին է պատկանում նաեւ նպաստավոր պայմաններով նորապսակների համար հիփոթեքային վարկի տրամադրումը:

Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նաեւ ոչ ավանդական բանկային ծառայություններ: Դրանց թվում են հիփոթեքային ավանդը (իր մեջ պարունակում է երկու գործընթաց` գումարի կուտակում եւ ավելի բարենպաստ պայմաններով անշարժ գույքի հետագա ձեռքբերում); "4X4" սեզոնային ավտովարկը` աշուն-ձմեռ սեզոնին չորս քարշակ անիվներ ունեցող ավտոմեքենաներ ձեռք բերելու համար, վթարված ավտոմեքենաների վերանորոգման համար վարկը եւ այլն:

- Ո՞ր փուլում են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ IPO իրականացնելու նախապատրաստական աշխատանքները եւ ե՞րբ կարող է տեղի ունենալ բաժնետոմսերի տեղաբաշխումը:

- Մենք արդեն ավարտում ենք տեղաբաշխման դիզայնի աշխատանքները: Տվյալ դեպքում դիզայն ասելով ես նկատի ունեմ տեղաբաշխման բոլոր պայմանները` մեխանիզմը, ժամկետները, արժեքը: Հայաստանի ֆինանսական շուկայի համար նորություն կլինի ինչպես տեղաբաշխման արժեքը (մենք նախատեսում ենք բաժնետոմսերի տեղաբաշխում շուկայական արժեքով ), այնպես էլ տեղաբաշխման մեխանիզմը` մենք մտադիր ենք առաջին անգամ օգտագործել ուղիղ զանգվածային առաջարկի մեխանիզմը` DPO-ն (direct public offering):

Հենց այդ նպատակով մեր բանկը վերափոխվել է Բաց բաժնետիրական ընկերության: Բացի այդ, բաժնետոմսի անվանական արժեքը 500 հազարից իջեցվել է 5 հազար դրամի: Դա նշանակում է, որ մենք ցանկանում ենք մեր բաժնետոմսերը մատչելի եւ գրավիչ դարձնել բնակչության լայն շերտերի համար: Նախնական ուսումնասիրությունների արդյունքներով կարելի է ասել, որ արդեն իսկ այսօր մեծ հետաքրքրություն կա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի նկատմամբ:

Բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը կսկսվի նոյեմբերին եւ կտեւի մինչեւ այս տարվա դեկտեմբերը: Կցանկանայի առանձնացնել երկու հիմնական խնդիրներ, որոնք կկանգնեն մեր առջեւ DPO իրականացնելուց հետո. բաժնետոմսի փոխարժեքային արժեքի բարձրացում եւ շահաբաժինների վճարում:

DPO-ին պատրաստվելու ընթացքում մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որն օգտագործելու ենք` հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական շուկայի ներկայիս զարգացումները: Մենք արդեն աշխատանքային փորձ ունենք կապիտալի շուկայում. այս տարվա մայիսին թողարկել ենք պարտատոմսեր, որոնք այնքան գրավիչ են դարձել ներդրողների համար, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը: Մենք նախատեսում ենք նոր պարտատոմսերի տեղաբաշխում, եւ արդեն այսօր քննարկում ենք դրա պայմանները:

- Աճող մրցակցության պայմաններում Հայաստանի բանկերը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Արդյո՞ք դա վաղաժամ չէ այն առումով, որ բնակչությունը դեռեւս չունի բավական փորձ ու հմտություններ` դրանց գործնական կիրառման համար:

- Երբ 90-ականների վերջին Հայաստանում հիմնադրվեց ArCa պրոցեսինգային կենտրոնը, շատերը չէին հավատում այդ նախաձեռնության հաջողությանը: Իսկ այսօր արդեն հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն առանց պլաստիկ քարտերի: Երկրում արդեն կան ավելի քան 120 հազար քարտատերեր, եւ նրանց թիվն անընդհատ աճում է:

Կարծում եմ, նոր տեխնոլոգիաներն անհրաժեշտություն են, եւ կշահեն այն բանկերը, որոնք կկարողանան ժամանակին դրանք ներդնել եւ գրագետ մատուցել բնակչությանը:

- Նախատեսվու՞մ է արդյոք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մանասճյուղային ցանցի ընդլայնում մինչեւ տարեվերջ: Ինչպե՞ս եք գնահատում բանկի կողմից բացված Western Union մասնագիտացված մասնաճյուղի աշխատանքը:

- Հանդես գալով որպես մանրածախ բանկ` մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր մասնաճյուղային ցանցի ընդլայմանը: Բանկն արդեն ունի 8 մասնաճյուղ, որոնցից վերջինը մի քանի օր առաջ բացվել է Ծաղկաձորում: Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք բացել եւս երկու մասնաճյուղ` Դավիթաշենում եւ Էջմիածին քաղաքում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը կշարունակվի նաեւ 2008 թ-ին:

Ինչ վերաբերում է Western Union մասնագիտացված մասնաճյուղ-բաժանմունքին, ապա դրա շրջանառությունն աճում է: Տարեսկզբից մասնաճյուղի գործարքների ծավալն աճել է մոտ 4 անգամ:

Հաշվի առնելով աճի նման տեմպերը` սեպտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձել է Western Union-ի գործակալ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն սպասարկել Հայաստանում Western Union-ի ծառայությունները, այլեւ ունենալ ենթագործակալներ:

Ինչպես եւ նախատեսվում էր, մասնաճյուղն արդեն անցել է 11-ժամյա աշխատանքային ռեժիմի, իսկ մոտ ժամանակներս այն կաշխատի շուրջօրյա ռեժիմով:

- Սեպտեմբերին հայտարարվել էր, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվորեն զարգացնում է իր կապերը միջազգային ֆինանսական կառույցների հետ: Ինչպիսի՞ կառույցների մասին է խոսքն ու ինչպիսի՞ համատեղ ծրագրեր է նախատեսվում իրագործել:

- Վերջին ժամանակահատվածում ակտիվացել եւ ընդլայնվել են մեր կապերը միջազգային ճանաչում ունեցող թղթակից բանկերի հետ: Մենք հաջող բանակցություններ ենք անցկացրել, որոնք ներառում են սպասարկման ոլորտն ու առեւտրի ֆինանսավորման հեռանկարը:

Մենք նաեւ բանակցություններ ենք վարում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց արդյունքների մասին կհայտարարենք մոտ ժամանակներս:

- Իրենց հրապարակային հայտարարություններում առեւտրային բանկերի ներկայացուցիչները ողջունում են հայկական շուկա նոր բանկերի մուտքը: Որքա՞նով են անկեղծ նման հայտարարությունները:

- Լինելով Հայաստանի քաղաքացի` ես շատ ուրախ եմ, որ մեր երկիր են մուտք գործում համաշխարհային ճանաչում ունեցող բանկեր, ինչն, անկասկած, կհանգեցնի մրցակցության ուժեղացմանը, որից, ի վերջո, կշահի հաճախորդը:

Որպես բանկի ղեկավար, ես չեմ կարող չմտածել այն մասին, թե ինչպես կընթանա այդ մրցակցությունը: Չեմ թաքցնի` շատ դժվար կլինի մրցել արտասահմանյան բանկերի հետ, որոնք հնարավորություն ունեն Հայաստան ներգրավել խոշոր ֆինանսական հոսքեր, բերել որոշակի բիզնես մշակույթ: Սակայն իրավիճակը շուկայում աստիճանաբար փոխվում է, եւ հայկական բանկերի մոտ նույնպես առաջանում է նման հնարավորություն: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա մենք եւս կփորձենք միջազգային շուկայում գործընկեր գտնել` ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Իսկ մեր գլխավոր առավելությունը կլինի այն, որ մենք ավելի լավ ենք հասկանում հայկական շուկան եւ ունենք Հայաստանում աշխատելու բավականին փորձ:

Դիտում՝ 9356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW