Արդեն յոթերորդ տարին է՝ Խնայողությունների համաշխարհային օրը նշում են նաեւ հայաստանյան բանկերը: ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ, այսօր ներկայացրել են Հայաստանում խնայողություն անելու մշակույթի զարգացման ուղին եւ մի շարք այլ հարցեր։Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ բնակիչները բավական ակտիվ են խնայողությունները բանկերում ի պահ դնելու հարցում։ «Տարեկան մոտավորապես 19% աճ է նկատվում, ինչը վկայում է, որ վստահությունը բանկերի եւ ֆինանսական կայունության նկատմամբ բարձր է»,- ասել է Արմենակ Դարբինյանը։Վերջին տասը տարիներին, ընդհանուր առմամբ, ավանդներն աճել են 2 136 մլրդ դրամով կամ 470%-ով։ 2018թ. առաջին կիսամյակում նվազել են 28 մլրդ դրամով կամ 1,2%-ով, սակայն հուլիս եւ օգոստոս ամիսներին արձանագրվել է աճ։Արմենակ Դարբինյանը նկատել է, որ «դեռեւս անելիքներ կան, քանի որ բնակչության զգալի մասն իր խնայողությունները շարունակում է պահել տանը»։ «Այսօրվա մեր միջոցառման նպատակն է ակտիվացնել բնակչությանը, որ ավելի արդյունավետ ձեւով պահեն խնայողությունները։ Պետք է հիշել, որ խնայված դրամը վաստակած դրամ է»,- ընդգծել է ԿԲ ներկայացուցիչը։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը եւս կարեւորել է Հայաստանում խնայողությունների մշակույթի զարգացումը, որն օգնում է «ապագայի հանդեպ ավելի վստահ լինել»։«Գումար խնայելը Գերմանիայում պատմականորեն եկած ավանդույթ է։ Այս համաժողովը կարեւոր է նաեւ փորձի փոխանակման հարցում։ Մի շարք հարցեր կան, որոնք մենք ցանկանում ենք քննարկել եւ կիսվել մեր հաջողության մոդելով»,- ասել է դեսպանը։ Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից՝ 1924թ., որտեղ կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվել է համաշխարհային խնայողությունների օր: Այս օրը կոչված է խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացն ամբողջ աշխարհում։ Tweet Դիտում՝ 1986