Հայաստանը Մրցունակության զեկույցում բարելավել է դիրքը

17.10.2018 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մրցունակության զեկույց #Մանուկ Հերգնյան
«2018թ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը երկու կետով բարելավել է դիրքը՝ զբաղեցնելով 70-րդ տեղը 140 երկրների շարքում։

Այս մասին այսօր հայտնել են Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:

Նրանք տեղեկացրել են, որ ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները, որոնք հավաքագրվել են 2018թ. մինչեւ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը։

«Այս տարի համաշխարհային տնտեսական ֆորումն իրականացրել է շատ հիմնարար փոփոխություն իր ցուցիչի հաշվարկման մեթոդաբանության մեջ եւ այն համատեղելի չէ նախորդ տարիների ցուցիչների հետ»,- ասել է կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Եվրասիական տարածաշրջանային երկրների խմբում առաջընթաց են գրանցել Ռուսաստանը (2 կետով), Վրաստանը (1 կետով), Ուկրաինան (6 կետով), Ղրղըզստանը (3 կետով)։ Հետընթաց են արձանագրել Ադրբեջանը (4 կետով), Տաջիկստանը (5 կետով) եւ Մոլդովան (1 կետով)։

«Այս երկրների խմբում Հայաստանն իր դիրքով 5-րդ է եւ զիջում է Ռուսաստանին, Ղազախստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին»,- ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, Հայաստանի դիրքը տարածաշրջանում բավական լավ է եւ միակ ցուցանիշը, որով զգալի զիջում է, շուկայի չափն է։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում պետական կարգավորումը համեմատաբար «թեթեւ» է, սակայն առկա է սոցիալական կապիտալի զգալի դեֆիցիտ։
 
«Սոցիալական կապիտալի մասով 122-րդ տեղում ենք։ Այս ինդեքսով չափվում է հասարակության վստահության մակարդակը, սոցիալական ներդաշնակությունը, գործարքներ կնքելու հակվածությունը։ Այստեղ մենք բավական հետընթաց դիրքերում ենք, ինչը տնտեսական առաջընթացի տեսանկյունից կարեւորագույն խնդիր է»,- նշել է Մանուկ Հերգնյանը։

«Ենթակառուցվածքներ» ցուցիչով Հայաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը։

«Այստեղ հիմնական խնդիրը ճանապարհային ենթակառուցվածքն է եւ օդային տրանսպորտի կապակցվածությունը աշխարհի հետ, որով 93-րդ ենք»,- նշել է Սեւակ Հովհաննիսյանը։

Նրա ուշագրավ է համարել այն, որ Հայաստանում էական են էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման կորուստները, որով երկիրը 140 երկրների շարքում 83-րդ տեղն է զբաղեցրել։

Սեւակ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «մակրոտնտեսական կայունություն» հենասյան մեջ Հայաստանի հիմնական խնդիրը արտաքին պարտքի դինամիկան է, որով այն 101-րդն է աշխարհում։

«Սա պոտենցիալ ռիսկ է մակրոտնտեսության կայունության տեսանկյունից»,- հավելել է նա։

Զեկույցի համաձայն՝ արժեթղթերի շուկան շարունակում է մնալ ՀՀ ֆինանսական համակարգի թույլ կողմերից մեկը։ Ըստ այդմ՝ ֆինանսական համակարգում Հայաստանը գրավել է 87-րդ, «շուկայի կապիտալիզացիա» ցուցիչով՝ 110-րդ, իսկ «չաշխատող վարկերի կշիռ» ցուցիչով՝ 83-րդ տեղը:

Զեկույցի առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Սինգապուրը, Գերմանիան, Շվեյցարիան եւ Ճապոնիան։
Դիտում՝ 3554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW