“Կոնվերս Բանկի” գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին - Նրանից հետո, երբ ձեր բանկը նոր սեփականատեր ունեցավ ի դեմս Էդուարդո Էռնեկյանի գալով, “Կոնվերս Բանկը” սկսեց վարել նոր կադրերի ընտրության ակտիվ քաղաքականություն: Արդյո՞ք դա նշանակում է, որ բանկի կադրային փոփոխությունները վկայում են նոր սեփականատիրոջ կողմից ծրագրված լայնածավալ փոփոխությունների մասին: - Բանկի կադրային փոփոխություններն ուղիղ կապ չունեն այն նոր ռազմավարության հետ, որը ծրագրել է պարոն Էռնեկյանը: “Կոնվերս Բանկը” միշտ վարել է եւ շարունակում է վարել նոր կադրերի ներգրավման, նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման քաղաքականություն: Մեր մոտակա ծրագրերից է բանկի թիմի ընդլայնումը, ինչն առաջին հերթին պայմանավորված է մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ: Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք բացել 8 նոր մասնաճյուղեր, իսկ 2008 թ. ընթացքում` եւս 24 մասնաճյուղ: “Կոնվերս Բանկի” մասնաճյուղային ցանցը պետք է ծածկի Հայաստանի ամբողջ տարածքը: Մոտակա տարվա համար բանկի առջեւ խնդիր է դրված` երկրի բանկային ոլորտում զբաղեցնել եթե ոչ առաջին, ապա երկրորդ տեղն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ակտիվների եւ կապիտալի ծավալը, մատուցվող ծառայությունների տեսականին եւ բազմազանությունը, հաճախորդների քանակը, պլաստիկ քարտերի շուկան, մասնաճյուղային ցանցը եւ այլն: Մշակվել է համապատասխան ծրագիր, որն արժանացել է բանկի խորհրդի հավանությանը: Պ-ն Էռնեկյանն ուսումնասիրում է բանկի կապիտալի ավելացման հեռանկարն ու ակնկալվում է, որ համապատասխան որոշումը կկայացվի մինչեւ տարեվերջ: Հոկտեմբերի սկզբին բանկում ներդրվելու է ագրովարկավորման նոր ծրագիր, որով բարենպաստ պայմաններով վարկեր կտրամադրվեն ֆերմերային տնտեսություններին եւ վերամշակող ձեռնարկություններին: Վարկը տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14% նախնական տոկոսադրույքով: Նաեւ վերանայել ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, մասնավորապես երկարացրել ենք վարկի տրամադրման ժամկետներն ու նվազեցրել ենք տոկոսադրույքը: Հոկտեմբերի վերջից նախատեսում ենք սկսել լիզինգային ծառայությունների տրամադրումը, ուսումնասիրում ենք նաեւ ֆակտորինգի ներդման հեռանկարը: - Իրենց հրապարակային հայտարարություններում առեւտրային բանկերի ներկայացուցիչն ողջունում են նոր բանկերի մուտքը հայկական շուկա: Որքա՞նով են անկեղծ նման հայտարարությունները: - Արդեն իսկ ակնհայտ է հայկական բանկային շուկա լուրջ ռեսուրսներ եւ տեխնոլոգիաներ ունեցող մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպությունների մուտքի միտումը: Խոսքը գնում է ինչպես գործող բանկերի ձեռք բերման, այնպես էլ նորերի ստեղծման մասին: Օրերս հայտարարվեց “Տրոյկա Դիալոգ” ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության կողմից “Հայներարտբանկի” ձեռք բերման մասին, մոտենում է ավարտին լիբանանյան “Բիբլոս բանկին” “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկի” վաճառքի գործարքը, ռուսական “Գազպրոմբանկը” բանակցություններ է վարում “Առէկսիմբանկի” ձեռք բերման վերաբերյալ, շուտով հիմնվելու է նոր “Պրոկրեդիտբանկը”, որը մասնագիտանալու է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ուղղությամբ: Բնական է, որ ավելի էժան ռեսուրսների ներհոսքը կնպաստի մրցակցության սրմանը, եւ այս առումով հայկական բանկերը պետք է մտածեն իրենց ռեսուրսային բազաների դիվերսիֆիկացման մասին: Բացի այդ, նոր բանկերի մուտքը կխթանի նոր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ներդրումը, ինչը կբերի առկա ապրանքատեսակների վերանայմանը` ինչպես որակական, այնպես էլ գնային չափանիշներով: Իմ կարծիքով, դա տեղի կունենա 2008 թ. կեսերին: Այսօր բանկերի վարկային ներդրումները կազմում են ՀՆԱ-ի 10%-ը, եւ սա ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի բանկային համակարգն ունի վարկավորման եւ ավանդների ներգրավման աճի բավականին մեծ պոտենցիալ: Աճող մրցակցության պայմաններում հատկապես բարդ իրավիճակում կհայտնվեն փոքր եւ միջին բանկերը, որոնք ստիպված կլինեն մտածել միաձուլման, կամ վաճառքի մասին: Կարծում եմ, որ մոտակա 3 տարիներին հայկական բանկային ոլորտը միաձուլումների եւ վաճառքների բում է ապրելու: Իմ կարծիքով, 5 խոշոր եւ 2-3 մասնագիտացված բանկերի առկայությունը բավարար կլինի երկրի բանկային համակարգի սպասարկման համար: - Աճող մրցակցության պայմաններում Հայաստանի բանկերը սկսել են ավելի մեծ ուշադրութուն դարձնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Արդյո՞ք դա վաղաժամ չէ այն առումով, որ բնակչությունը դեռեւս չունի բավական փորձ ու հմտություններ դրանց կիրառման համար: - Միանշական ոչ, քանի որ Հայաստանի բանկային շուկայում նոր տեխնոլոգիաների կիրառումն ընթանում է համաշխարհային միտումների հետ զուգահեռ: Այլ հարց է, թե ինչպե՞ս նոր ծառայություններն ավելի մատչելի կերպով մատուցել բնակչությանը: Այս ուղղությամբ լուրջ բացատրողական աշխատանքներ պետք է վարեն ինչպես բանկերը, այնպես էլ ԶԼՄ-ները: Միեւնույն է, որոշակի առաջընթաց արդեն կա: Եթե 2 տարի առաջ “Բանկ-հաճախորդ” համակարգից օգտվողների 95%-ը կազմում էին ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ապա այսօր արդեն մեծ է ռեզիդենտ օգտվողների թիվը` կազմակերպությունների եւ մասնավոր անձանց: Բացի այդ, նկատվում է նաեւ պլաստիկ քարտերով օգտվողների թվի կայուն աճ: - “Կոնվերս Բանկը” չի՞ նախատեսում դիմել միջազգային գործակալություններին վարկանիշ ստանալու նպատակով: - Վարկանիշ ստանալը մեզ համար ինքնանպատակ չէ: Վարկանիշ ստանալու հիմնական նպատակն արտաքին շուկաներից ռեսուրսների ներգրավումն է, ինչն ապահովվում է պարտատոմսերի թողարկմամբ: Այս տարի մենք չենք նախատեսում պարտատոմսեր թողարկել, եւ որոշել ենք վարկանիշ ստանալու համար դիմել 2008 թ.: Դա պայմանավորված է արժեթղթերի շուկա, ինչպես նաեւ միջազգային շուկաներ դուրս գալու մեր մտադրությամբ` սինդիկացված վարկեր ներգրավելու նպատակով: Ցանկացած դեպքում գործընկեր-բանկերը մեզ լավ գիտեն` փաստորեն մենք վարկանիշ չունեցող առաջին հայկական բանկն էինք, որը թղթակից-բանկից ստացավ չապահովված բանկային ռեսուրս (ակրեդիտիվներ եւ վարկային նամակներ) առեւտրային գործարքներ իրագործելու համար: - Ինչպիսի՞ արդյունքների է հասել “Կոնվերս Բանկը” 2007 թ. ընթացքում: - Օբյեկտիվ պատճառներով մենք այս տարին սկսեցինք բավականին ցածր ցուցանիշներով` 5-6 ամիս բանկը գտնվում էր վաճառքի գործընթացում եւ շուկայում ակտիվ քաղաքականություն չէր վարում: Փետրվարից, նոր սեփականատիրոջ գալով, մենք սկսեցինք ակտիվ գործունեություն, ինչի շնորհիվ ավելացավ բանկի ակտիվների ծավալը, վարկային ներդրումների ծավալն ու բանկի եկամտաբերությունը: Կարող եմ միանշանկորեն ասել, որ այս տարվա ծրագրերը կկատարվեն եւ նույնիսկ կգերակատարվեն: Ընթացիք տարվա 9 ամսիների ընթացքում մենք արդեն կատարեցինք ակտիվների ծավալի տարեկան ծրագիրը: Բանկի վարկային ներդրումներն աճել են 80%-ով եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ աճը կկազմի նվազագույնը 120-130%: Հուլիսից բանկը գերակատարում է եկամտաբերության ծրագիրը, եւ վստահ եմ, որ այդ միտումը կշարունակվի մինչեւ տարեվերջ: P.S. Հաջորդ շաբաթվանից Արտակ Հանեսյանը զբաղեցնելու է “Հայներարտբանկի” գործադիր տնօրենի պաշտոնը: Banks.am-ը հաջողություն է մաղթում պարոն Հանեսյանին նոր աշխատավայրում: : Tweet Դիտում՝ 7964