ՊԵԿ-ը՝ «նախկին աշխատաոճին անցնելու» հրապարկման մասին

04.09.2018 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ,
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է «Հրապարակ» oրաթերթի՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելու գնով հարկային մուտքեր ապահովելու վերաբերյալ հրապարակումը:

Ըստ հրապարակման՝ «Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն, մասնավորապես, օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով»:

«ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2018թ. հունվարի 1-ից հարկ վճարողների կողմից կատարված վճարումները համարվում են պետական բյուջեի հարկային եկամուտներ՝ վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորություններին համապատասխան միասնական հաշվից կատարված հաշվեգրման արդյունքում:

Նշվածից հետեւում է, որ հարկ վճարողների կողմից միասնական հաշվին կատարված վճարումները դեռեւս պետական բյուջեի եկամուտներ չեն:

Հարկ վճարողների հարկային պարտավորություններն առաջանում են վերջիններիս կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ միասնական հաշվում առկա գումարների առաջացման հիմնական պատճառն առանձին հարկ վճարողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային գործակալներ եւ որոնց վրա օրենսգրքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձեւով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) եւ ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, նույն օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետից շուտ կատարված վճարումներն են:

Նշված գումարները մուտքագրվում եւ պահվում են միասնական հաշվում մինչեւ հարկային պարտավորության մարման համար օրենսգրքով սահմանված վճարման վերջնաժամկետը: Հարկ է նշել նաեւ, որ միասնական հաշվում առկա գումարները հարկ վճարողները կարող են ազատ տնօրինել ըստ դրանց նպատակահարմարության»,- ասված է պարզաբանման մեջ:

Անդրադառնալով գերավճարների դինամիկային՝ ՊԵԿ-ում նշել են, որ այն 2018թ. հունիսից դրսեւորում է շարունակաբար նվազման միտում:

Այսպես, հունիսի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27,6 մլրդ դրամով, հուլիսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 43 մլրդ դրամով, օգոստոսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 47,9 մլրդ դրամով, սեպտեմբերի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 53,3 մլրդ դրամով:

«Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ հարկ վճարողների կողմից հարկային ապառքների գծով իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը նույնպես հանդիսանում է հարկային վարչարարության բաղադրիչ, որը, ի թիվս այլ գործիքակազմի, իրագործվում է այցելությունների, հեռախոսազրույցների եւ կոմունիկացիոն այլ խողովակների միջոցով»,- ընդգծել են ՊԵԿ-ում:
Դիտում՝ 1293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW