Դիլիջանի քաղաքային այգու մուտքը սկսում է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շինությունից. Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն է, որի բացումը կայացել է օգոստոսի 17-ին: Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը IDeA հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի եւ Դիլիջանի Ազգային պարկի հետ։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան եւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի եւ հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը եւ դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության եւ հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ: «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» (ՏԶՊԾ) ծրագրի համակարգող Տաթեւիկ Սարգսյանն ասել է, որ զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ եւ արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բարեկարգվել է նաեւ Դիլիջանի քաղաքային զբոսայգին: Այգու բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2018թ. մայիսից (դրան նախորդած հայեցակարգի եւ ճարտարապետական նախագծի մշակումը, հաշվարկներն ու ֆինանսատնտեսական հիմնավորումները պահանջել են եւս մի քանի ամիս), իսկ բացումը կայացել է օգոստոսի 17-ին: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամի ծրագրով այգու բարեկարգման առաջին փուլում ներդրվել է մոտ $150 հազ.։ Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Իսկանդարյանի խոսքով՝ բարեկարգումից հետո այգին ծավալով կրկնապատկվել է: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մանկական խաղահրապարակը նոր ատրակցիոններով է համալրվել: Էտման աշխատանքներից հետո այգին ավելի լուսավոր է դարձել, մարդկանց հոսքն էլ մեծացել է: Այստեղ խորհրդային տարիներից մնացած նկարներ կան, դրանք չեն հեռացվել, շրջանակները թարմացրել ենք եւ որոշ լուծումներ ենք մտածում: Հին ատրակցիոնները եւս մեր ուշադրության կենտրոնում են, հետագա փուլի ընթացքում դրանց եւս անդրադարձ կլինի: Այսպիսով՝ զբոսաշրջիկներն ու այցելուները, ինչպես նաեւ տեղացիները ժամանացի եւս մեկ հնարավորություն ունեն: Այստեղ կարող են նաեւ տարբեր միջոցառումներ անցկացնել: Մեր մոտեցումն է, որպեսզի մարդիկ ավելի մոտ լինեն բնությանը»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 11755