Վարչապետին խնդրում են գործադրել պետության ուժն Ամուլսարի հարցում

09.08.2018 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար
Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության անդամներին։

Նամակում ասված է.

«Մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Ձեզ`խնդրելով հատուկ ուշադրություն դարձնել Լիդիանի նկատմամբ ծավալված այս անարդար պայքարին:

Ընդամենը մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել է  մեր համայնքում կյանքի որակի վրա։ Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի եւ օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առեւտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ կվերսկսվե՞ն արդյոք։ Մեզանից շատերը վարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող եւ ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կանգնած ենք անորոշության եւ սնանկացման վտանգի առջեւ։

Մեզ համար հասկանալի է, որ պայքարը Լիդիանի նկատմամբ ուղղորդված է հեռահար նպատակներով, որպեսզի դուրս մղվի այդ  ընկերությունը: Մեզանից շատերը երկար տարիներ աշխատել են Լիդիանում եւ տեսել են, թե ինչ հոգատարությամբ է այս ընկերությունը վերաբերվում բնապահպանությանը, հետեւաբար մենք չենք հավատում այս մարդկանց բնապահպանական մտահոգություններին: Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ընկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել է  ընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջեւ։ Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձեւով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, եւ իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը եւս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի։

Մեզ Լիդիանից կոչ է արվել ոչ մի դեպքում չգնալ ընդհարման ցուցարարների հետ՝ ընկերության համար էլ ավելի բարդ ու վտանգավոր իրավիճակ չստեղծելու համար, ու դա է մեզ հետ պահում։ Ուստի խնդրում ենք գործադրեք պետության ուժն ու վճռական որոշում կայացրեք՝ հստակեցնելով իրավիճակը, քանի որ այսպիսի ձգձգումը ցանկացած արդյունքի պարագայում արդեն իսկ սնանկացման է տանում հարյուրավոր ընտանիքների։

Միայն գյուղատնտեսությունը, միայն տուրիզմը մինչեւ օրս չեն նպաստել մեր բարեկեցությանը, մեզ համար կարեւոր է համայնքում ունենալ հզոր գործատու, որը տալիս է նորմալ կյանքի պայմաններ ունենալու հույս եւ հնարավորություն»։
Դիտում՝ 1629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo