Օրգանական մոշի ու ազնվամորու մշակում՝ ինովացիոն լուծումներով

31.07.2018 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմբերրի #Ավետիք Չալաբյան #Արթուր Խաչատրյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանն այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայնք, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ:

Նախարարությունում նշել են, որ ազնվամորու՝ իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա ռեմոնտանտ» եւ մոշի՝ Triple Crown սորտերի տնկիներն անապատը կանաչ օազիսի են վերածել։ Կախված խնամքից եւ տնկիի տարիքից՝ յուրաքանչյուր տնկիից կարելի է հավաքել 1,5-4,5 կգ ազնվամորի:

«Ի սկզբանե այս հողի հետ աշխատելը չափազանց մեծ մարտահրավեր էր: Մենք պայքարել ենք բնության հետ եւ փորձել փոխել նրա կառուցվածքը: Զորավան գյուղի հողերը պարունակում էին շատ մեծ քանակությամբ կավ եւ ունեին 7-7.5 pH: Նման ցուցանիշներով հողում գրեթե անհնար էր ազնվամորի աճեցնելը, բայց, օգտագործելով տարբեր օրգանական միջոցներ, օրգանական կոմպոստ, կատարելով բույսերի սելեկցիա եւ բազում այլ աշխատանքներ, մենք, ի վերջո, կարողացանք ստանալ կանաչ այս գոտին, անչափ համեղ ազնվամորի եւ բերրի այգիներ»,- նշել է «Արմբերրի» ընկերության խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:


Ընկերության նպատակն է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր արտադրողականությամբ ազնվամորու եւ մոշի օրգանական ինտենսիվ այգու ստեղծումը։ «Արմբերրի»-ն դեռեւս զարգացման փուլում է, բայց հիմնադիրները լիահույս են, որ մի քանի տարի անց այն կդառնա օրգանական հատապտուղների արտադրությամբ զբաղվող ընկերության լավ օրինակ:

Ըստ «Արմբերրի»-ի հիմնադիրների` գյուղատնտեսության ոլորտում լավ արդյունքի հասնելու համար պետք է կիրառել ինովացիոն մոտեցումներ։ Այստեղ տեղադրված հակակարկտային ցանցերը բերքը ոչ միայն պաշտպանում են կարկուտից, այլեւ արեւապաշտպան դեր ունեն։

«Արմբերր»-ի այգիներում փորձարկում են նաեւ թունելային տարբերակը՝ հասկանալու համար դրա արդյունավետությունը՝ արդյոք հնարավոր կլինի՞ նման պայմաններում աճեցնել ազնվամորի, եւ այս կերպով երկարաձգել հատապտղի բերքատվության ժամանակահատվածը։

Ընկերությունում մեծ ուշադրություն է դարձվում ջրի պատասխանատու օգտագործմանը: Կառուցվել է 1600 խմ տարողությամբ ջրամբար, որը հատապտուղ մշակողներին ապահովում է մաքուր ջրով: Ջրամբարում բնակվում են ձկներ եւ բադեր, որոնք բնական կերպով մաքրում են ջուրը եւ հարստացնում այն օրգանական բաղադրիչներով:


Գյուղնախարարը շեշտել է, որ շատ կարեւոր է ուսումնասիրել նորարարական արդյունաբերական այգեգործության փորձը: Նա օրինակելի է համարել նաեւ «Արմբերրի»-ի շուկայահանման եւ վաճառքի մոտեցումները։
Դիտում՝ 5954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW