ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականությանը, այսօր ասել է, որ «մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ»:«Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչեւ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, եւ այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջեւ: Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլեւս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի եւ այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն»,- կառավարությունում հրավիրված խորհրդակցությանն ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա անհրաժեշտ է համարել ժամանակ առ ժամանակ իրավիճակը մոնիթորինգի ենթարկելը՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում:Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել է շաքարավազի, բենզինի եւ բանանի շուկաներում զարգացումներին: Արտակ Շաբոյանը Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նա զեկուցել է, որ մինչեւ վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում. մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ (-16%): Բենզինի եւ դիզվառելիքի մասով ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ եւ ներկա դրությամբ որեւէ արգելք չկա, ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաեւ թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաեւ դիզվառելիքի ստանդարտների հետ կապված: Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչեւ վերջերս շուկայի 90%-ը պատկանում էր մեկ ընկերության եւ նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաեւ բանան ներմուծող ընկերությունների եւ ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը Հայաստանում նվազել է երկու անգամ եւ այսօր կազմում է 480 դրամ: «Մենք պետք է մենաշնորհներ եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործո՞ւմ են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի եւ, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1148