Ամերիաբանկի աջակցությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում: «Մենք ողջունում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը եւ ուրախ ենք, որ մեր շնորհալի պատանիները ներկայացնելու են Հայաստանը First Global ռոբոտների միջազգային մրցույթում: Մշտապես հանդես գալով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ՝ Ամերիաբանկը կարեւորում է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը եւ սիրով միացել է այս նախագծին: Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար»,- ասել է Ամերիաբանկի ՏՏ եւ ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը:Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշել է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել եւ ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:«Արմաթցիների մասնակցությունը First Global միջազգային մրցույթին կարեւոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ»,- նկատել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:Այս տարի մրցույթի առանցքում վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Հայաստանյան թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արեւային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն եւ կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։ Հայաստանյան թիմում ընդգրկված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) եւ թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար): First Global-ին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Tweet Դիտում՝ 1575