ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն եւ գործողությունների հավասար դաշտ բոլորի համար: Այս մասին վարչապետը նշել է հունիսի 25-ին Ռուսաստանից (Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից եւ այլ քաղաքներից) ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ հանդիպմանը: «Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն: Մեր ընկալումը հետեւյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ եւ նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը»,- ընդգծել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլեւ այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար: «Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են, եւ մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու եւ աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:Նա վստահություն է հայտնել, որ այդ ներդրումները կատարվելու են:«Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետեւ մեր անկեղծ կոչին հետեւել է անկեղծ արձագանք, որովհետեւ ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը եւ շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Գործարարներն ընդգծել են, որ Հայաստան են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության եւ այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Tweet Դիտում՝ 2016