Գյուղնախարարության պաշտոնյաները բյուջեից շուրջ 1,4 մլրդ դրամ են փոշիացրել

22.06.2018 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղնախարարություն #գլխավոր դատախազություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով պետական բյուջեից ավելի քան 1,4 մլրդ դրամ է փոշիացվել:

Ինչպես հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից, ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. նշված ծրագրի շրջանակում գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան 0,001% տոկոսադրույքով առանց գրավի 3 991 584 000 դրամ բյուջետային վարկ՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար:

Բացի այդ, ծրագրի շրջանակում 2015թ. նախարարությունը, առանց շուկայական նվազագույն շահավետ գնի հաշվարկման, նույն մատակարար ՍՊԸ-ին հատկացրել է 2 138 823 000 դրամ սուբսիդիա՝ 33 263 տոննա ազոտական պարարտանյութ ձեռք բերելու եւ հողօգտագործողներին 50 կգ-անոց 1 պարկը 9 215 դրամի փոխարեն 6 000 դրամով մատակարարելու համար:

Մինչդեռ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ նույն 2015թ. այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույն որակի ազոտական պարարտանյութը ներկրվել է նշված մատակարար ընկերությունից էապես ցածր գներով։

«Պարզվել է նաեւ, որ 2012-2016 թթ. ծրագրերն իրականացնելիս՝  գյուղնախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն՝ չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ միայն 2015թ. ազոտական պարարտանյութի մասով պետական բյուջեից անհիմն 1 427 000 000 դրամ ավել փոխհատուցում է տրվել մատակարար ՍՊԸ-ին՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանքներ: Ընդ որում, այդ ընկերության՝ պետական բյուջեի նկատմամբ չկատարած վարկային պարտավորությունը մինչ օրս կազմում է 396 682 378 դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դիտում՝ 2526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW