Fitch-ը ՀՀ վարկանիշը հաստատել է B+ մակարդակում՝ «դրական» հեռանկարով

18.06.2018 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ:

Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին արտարժույթով եւ տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:

Հայաստանի վարկանիշն արտացոլում է, մի կողմից, հուսալի դրամավարկային քաղաքականությունը, արտաքին անհավասարակշռությունների կրճատումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելացումը, մյուս կողմից՝ պետական պարտքի բեռի ավելացումն ու որոշ հարեւան երկրների հետ լարված հարաբերությունները:


Գործակալությունն ակնկալում է, որ ՀՀ բյուջեում մեկնարկած կոնսոլիդացիոն գործընթացը միջնաժամկետում կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազմանն ու ընթացիկ հաշվի պակասուրդի մեղմացմանը:

«Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը՝ չնայած քաղաքական անորոշության բարձր մակարդակին. սա արտացոլում է երկրի կողմից տնտեսական եւ քաղաքական ցնցումներին դիմակայելու կարողությունը: Գնաճային ճնշումները շարունակում են մնալ վերահսկողության ներքո: Մայիսի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 1,6%, որը բավական ցածր է Կենտրոնական բանկի թիրախից»,- կարծում են գործակալության վերլուծաբանները:

Անդրադառնալով բանկային հատվածին՝ Fitch-ը նշում է, որ այն շարունակում է մնալ կայուն՝ առանց իրացվելիության հետ կախված խնդիրների: Համակարգի կապիտալիզացիան եւ չաշխատող վարկերի ծավալը պատշաճ մակարդակի վրա են: Մինչդեռ դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր (54%՝ ավանդների եւ 60%՝ վարկերի դեպքում), չնայած որ այս ուղղությամբ դրական միտում է նկատվում:

«Կառավարությունը մտադիր է բարեփոխումներ իրականացնել Ընտրական օրենսգրքում եւ արտահերթ ընտրություններ հրավիրել՝ ամրապնդելու իր պառլամենտական աջակցությունն ու ավելի ընդգրկուն բարեփոխումներ իրականացնելու համար: Նոր կառավարությունը պատրաստ է դիմադրել մարտահրավերին՝ ապահովելու արդյունքներ՝ աջակիցների բարձր սպասելիքներին համապատասխան, պահպանելու միասնականությունն ու շարունակելու իր նախաձեռնած բարեփոխումները, որոնք ձեռնոց են նետում տնտեսության մեջ «արմատացած» խմբերին»,- գրում է Fitch-ը:

Գործակալության բնորոշմամբ՝ նոր կառավարությունը շարունակելու է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծում առաջիկայում չի ակնկալվում:
Դիտում՝ 8405
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW