ՀՀ կառավարությունը հուլիսի 11-ի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ էր ընդունել, ըստ որի՝ առեւտրային բանկերը կկարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018թ. մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Banks.am-ի խնդրանքով պարզաբանել է կատարված փոփոխությունների անհրաժեշտությունը եւ դրանց իրականացման ընթացքը։«Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն, եթե բանկերը զիջեն ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկված տույժերը եւ տուգանքները, ապա կունենան հարկային հետեւանքներ։ Այս փոփոխությամբ մենք նպաստավոր հարկային միջավայր ենք ձեւավորում, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին՝ առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու»,- ասել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ բանկերը նույնպես շահագրգռված են «ազատվել ոչ որակյալ եւ անհուսալի ակտիվներից եւ այս նախաձեռնության հետ կապված առարկություններ չունեն»։«Երբ օրենքն ուժի մեջ մտնի, բանկերը կամ վարկային կազմակերպություններն ազատ կլինեն անձամբ կազմակերպել ներման գործընթացը։ Կարող են, օրինակ, հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, որտեղ կնշեն շահառուների շրջանակը, կամ միգուցե կհրավիրեն իրենց վարկառուներին եւ կհայտնեն իրենց պատրաստակամությունը կուտակված տույժերի եւ տուգանքների ներելու մասով»,- հայտնել է ֆինանսների փոխնախարարը։Արման Պողոսյանն ընդգծել է, որ ներվող գումարի չափի որեւէ սահմանափակում չկա, եւ բոլոր չափորոշիչներն ընտրելու են բանկերը։«Այս պահի դրությամբ հաշվարկները դեռ ընթացքի մեջ են, սակայն գյուղատնտեսական վարկերի մասով կարող եմ ասել, որ մոտավորապես 3,5-4 մլրդ դրամի կուտակված տույժեր եւ տուգանքներ կան, իսկ ընդհանուր վարկերի մասով այս թիվը երկու կամ երեք անգամ ավելին է»,- հայտնել է ֆինանսների փոխնախարարը։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում քննարկվել է միայն գյուղատնտեսական վարկերի գծով համաներման սցենարը, սակայն հետագա քննարկումների արդյունքներով՝ եկել են եզրահանգման, որ կարիք կա ընդգրկել նաեւ ֆիզիկական անձանց այլ տեսակի վարկերը։ «Սահմանափակում չկա, թե որ վարկի մասին է խոսքը, կարեւոր է, որ վարկառուն լինի ֆիզիկական անձ, եւ վարկն անհուսալի ճանաչված լինի մինչեւ 2018թ. մայիսի 31-ը։ Իսկ այն անհուսալի կարող է ճանաչել միայն բանկը»,- պարզաբանել է Արման Պողոսյանը։ Նա ընդգծել է, որ օրենսդրական այս փոփոխությամբ կառավարությունը, մի կողմից, ցանկանում է օգնել բանկերին ազատվել անհուսալի ակտիվներից, եւ մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս ծանր ֆինանսական վիճակում գտնվող քաղաքացուն վերանայել իր վարկային պարտավորությունները եւ դիտարկել նոր վարկ ստանալու հնարավորությունը։Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովը կքննարկի հունիսի 19-ի արտահերթ նիստում։ Եթե այն ընդունվի, փոխնախարարի խոսքով, օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Tweet Դիտում՝ 12064