Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունները բանկային համակարգի համար հաջողությամբ հանձնած քննություն է համարում եւ բացատրում՝ սա նշանակում է, որ բանկային համակարգը Հայաստանում կայուն է: Անդրադառնալով բանկային համակարգի այսօրվա իրավիճակին ու զարգացման ապագային՝ Աշոտ Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրել է երեք մարտահրավեր՝ բանկային համակարգի նոր կանոնակարգում, մրցակցություն եւ ֆինտեխ: Նոր կանոնակարգման մասով Արարատբանկի վարչության նախագահը նշում է կարեւոր փոփոխությունները, որոնցից է IAS 39-ի փոխարինումը IFRS 9-ով: «Այս տարվա մարտից հաջողությամբ ներդրեցինք IFRS 9-ը Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որն իմ գնահատմամբ՝ շատ մեծ առաջընթաց էր: Այն զուտ հաշվապահական փոխարինում չէ, քանի որ մենք IFRS 9-ով կարողանում ենք գնահատել հնարավոր ակտիվները: Նախկինում մենք գնահատում էինք այսօրվա առկա ռիսկերը եւ չէինք մտածում՝ ինչ է լինելու ակտիվի հետ»,- ասել է Աշոտ Օսիպյանը:Նա նշել է, որ ներկայում աշխատում են «Բազել 3»-ի ներդրման ուղղությամբ: Այս փոփոխությունների արդյունքում, փորձագետի խոսքով, բանկերը եկամտաբերության կարճաժամկետ անկում կունենան, ինչն ընդունված միջազգային պրակտիկա է, սակայն երկարաժամկետում կունենանք կայուն, զարգացող եւ ռիսկերից զերծ բանկային համակարգ: Խոսելով մրցակցության մասին՝ Աշոտ Օսիպյանն ասել է, որ այսօր Հայաստանում գործող 17 բանկերը եւ 30-ից ավելի վարկային կազմակերպությունները հիմնականում առաջարկում են միանման բանկային ծառայություններ:«Շատ ժամանակ բանկերը մատուցում են ծառայություններ՝ ինքնարժեքից ցածր գնով: Կարճաժամկետ առումով սա բացասական է բանկերի համար, որովհետեւ նկատվում է շահութաբերության նվազում, սակայն երկարաժամկետ առումով բանկերը շահելու են դրանից: Նրանք կրճատելու են ինքնարժեքները, բարձրացնելու բանկային գործընթացների արդյունավետությունը եւ ուղղորդելու են դեպի բանկային ինովացիաներ»,- նշել է Արարատբանկի ղեկավարը: Աշոտ Օսիպյանի խոսքով՝ 2017-ին բոլոր ոլորտներում գրանցվել է վարկավորման ծավալների առնվազն 1% նվազում՝ սպառողականից մինչեւ բիզնես: Խոսելով ֆինանսական նորարարությունների մասին՝ Արարատբանկի վարչության նախագահը նշել է, որ չի կարելի այսօր անտեսել ֆինտեխը եւ շարունակել ավանդական գործունեությունը, քանի որ այն կտանի ինքնակործանման: Հակադարձելով հոդվածներին, որոնք կանխատեսում են բանկերի կործանումը, Աշոտ Օսիպյանը նկատել է, որ, ի տարբերություն ֆինտեխ ընկերությունների, բանկերի ամենակարեւոր առանձնահատկությունը նրանց հանդեպ վստահությունն է:«Որեւէ մեկն այժմ չի վստահում Google-ին, Apple-ին, գուցե 10 տարի հետո՞ վստահի, մինչդեռ բանկերի վստահությունը դարերով է եկել: Բանկերն այն պետք է օգտագործեն, ինչպես նաեւ պետք է օգտագործեն ֆինտեխը. անտեսել ֆինտեխը՝ նշանակում է չտեսնել ապագան»,- ասել է Աշոտ Օսիպյանը: Նա բանկերի զարգացումը կապել է տնտեսության իրական հատվածի զարգացման հետ: Աշոտ Օսիպյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին ունենք զարգացած բանկային համակարգ եւ թույլ զարգացած իրական հատված: «Եթե մենք ունենանք տնտեսության աճ, բանկերն ավելի արագ կզարգանան: Նույնիսկ անցած մեկ ամսվա անկայուն քաղաքական իրավիճակում բանկերը ոչ միայն վարկեր, այլեւ բաժնետերեր էին ներգրավում, ինչը շատ կարեւոր ազդակ է մեր բանկային համակարգի համար»,- ամփոփել է Աշոտ Օսիպյանը: Tweet Դիտում՝ 7359