Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի եւ բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցը Կոնվերս Բանկն էր:«Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում՝ ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության Programa Sur ծրագրի շրջանակում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:«Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն եւ դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով «կտրվել գրքից»: Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաեւ այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:«Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանությունը հայ ընթերցողին հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի եւ մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը եւ սիրել արգենտինական մշակույթը»,- ասել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: ««Ցատկախաղը» դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից: Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ, կոտրում կարծրատիպեր, վերանայում սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող լեզուն»,- նշել է գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանը:Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես են եկել նաեւ հյուրերը՝ կարեւորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 1969