Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է
27.03.2018 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Դավիթ Անդրեասյան

«2018թ. փետրվարին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 3.3%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, ակնկալվող արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումների ներքո, ինչպես եւ կանխատեսվում էր, գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:
Տարեսկզբին արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համընկել են ԿԲ կանխատեսումների հետ, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման եւ միջազգային որոշ ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:
Խորհուրդը գնահատում է, որ 2018թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում դիտված բարձր աճերով: Սպասվածից բարձր աճի տեմպեր են արձանագրվել նաեւ ներքին պահանջարկի մասով, որին շարունակում են նպաստել իրականացված ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը:
Միեւնույն ժամանակ, տարեսկզբից առկա լրացուցիչ գնաճային սպասումները զգալիորեն մեղմվել են եւ գնաճային սպասումներն ընդհանուր առմամբ կայունացել են:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել գործող դրամավարկային պայմանները: Միաժամանակ, խորհուրդը մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար:
Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ պահպանվելով թույլատրելի միջակայքում եւ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը հիմնականում վերեւի ուղղությամբ են՝ պայմանավորված համախառն պահանջարկի եւ տնտեսական աճի ավելի բարձր լինելու հավանականությամբ։ Ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: