ՀԱԱԳ-ն ամփոփել է 2017-ի աշխատանքները եւ նախանշել անելիքները

23.03.2018 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #Արմեն Շահնազարյան
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանն այսօր ամփոփել է 2017-ին գործակալության իրականացրած աշխատանքները եւ ներկայացրել 2018-ի ծրագրերը։

Նրա խոսքով՝ 2017-ին գործակալությունը բավական լավ արդյունքներ է գրանցել՝ կնքելով 329 ապահովագրական վկայագիր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2,07 անգամ։

«Եթե 2015-ին շուրջ 400 մլն դրամի կնքված վկայագրեր են եղել, ապա 2016-ին այդ ցուցանիշն արդեն 2,2 մլրդ էր, իսկ 2017-ին ընկերության կատարած աշխատանքների արդյունքում՝ 4,5 մլրդ դրամի կնքված վկայագրեր ունենք»,- ասել է Արմեն Շահնազարյանը։

Նա հիշեցրել է, որ ընկերությունը ստեղծվել է 2013-ին, սակայն առաջին վկայագրերը կնքվել են 2015-ին՝ իրավական բոլոր հիմքերն ապահովելուց հետո։

Արմեն Շահնազարյանն ընդգծել է, որ ՀԱԱԳ 2017-2019 գործունեության գործարար ծրագրով նախատեսված է 3 մլրդ դրամ ապահովագրական գումար եւ 16,1 մլն դրամ ապահովագրավճար, որոնք 2017-ի հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ գերակատարվել են։

Ընկերությունը 2017-ին հավաքագրել է շուրջ 39 մլն դրամի ապահովագրավճարներ՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցելով 3,15 անգամ։

Արտահանման ցուցանիշներ

Ընդհանուր 4,534 մլն դրամ ապահովագրական գումարից 3,356 մլն դրամ արժեքով ապահովագրական վկայագրերը, որոնք կազմում են ապահովագրական գումարի շուրջ 74%-ը, կնքվել են Ռուսաստան, 816 մլն դրամի վկայագրերը կամ 18%-ը՝ ԱՄՆ, 252 մլն դրամի վկայագրերը կամ 6%-ը՝ ԱՄԷ արտահանման նպատակով, իսկ տարբերություն կազմող շուրջ 110 մլն դրամը կամ 2%-ը բաժին է ընկնում այլ երկրներին։

Ընդհանուր 4,534 մլն դրամ ապահովագրական գումարից 1,891 մլն դրամ արժեքով ապահովագրական վկայագրերը, որոնք կազմում են ընդհանուր ապահովագրական գումարի շուրջ 42%-ը, կնքվել են ալկոհոլային խմիչքների արտահանման նպատակով, շուրջ 25%-ը՝ վերամշակված սննդամթերքի արտահանման եւ 9%-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման նպատակով։

Հուշագրերի ստորագրում

2017-ին համագործակցության հուշագրեր են ստորագրվել 4 բանկի հետ՝ Հայէկոնոմբանկ, Հայբիզնեսբանկ, Արարատբանկ եւ Կոնվերս Բանկ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ։

2017-ին համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրվել ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համանման ընկերությունների միջեւ։

2018-ի գործունեությունը եւ նպատակները

2018-ի մարտի 1-ի դրությամբ՝ ՀԱԱԳ գործունեության արդյունքում արդեն իսկ կնքվել է 60 ապահովագրական վկայագիր, որոնց ապահովագրական գումարը կազմել է շուրջ 656 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2,76 անգամ։

Հավաքագրված ապահովագրավճարը կազմել է շուրջ 8,8 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,5 անգամ։

2018-ին նախատեսվում է ընդլայնել ՀԱԱԳ գործիքակազմը՝ ներդնելով համապատասխան նոր ծառայություններ։ Գործակալությունը նախատեսում է զբոսաշրջության ոլորտում եւս ապահովագրական գործիքակազմ առաջարկել։

Նախատեսվում է նաեւ ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ֆինանսական կառույցների, ինչպես նաեւ միջազգային համանման ընկերությունների հետ։
Դիտում՝ 2279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW