ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից։Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել եւ ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաեւ նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։ Այս տեղեկատվությունը ստանալուց հետո, ֆինանսների, տարածքային կառավարման եւ զարգացման, բնապահպանության նախարարներին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների եւ աշխատանքների մեկնարկման գործընթացը եւ դրանք ավարտին հասցնել մինչեւ ապրիլի 16-ը։ Գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019թ. առաջնահերթությունները եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը այսուհետ պետք է սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Tweet Դիտում՝ 2001