ՀՀ կառավարությունը մարտի 6-ին կայացած նիստում հավանություն է տվել Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:Մասնավորապես, կառավարությունն ընդունել է կենտրոնի ստեղծման նպատակով հասարակության եւ պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում:Հիմնավորման համաձայն՝ Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո համայնքներում, մինչեւ 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է Ecosign միջազգային լավագույն կազմակերպությունը: Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ: Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել եւ սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Հանգստավայրը նախատեսված կլինի նաեւ միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի եւ կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու եւ բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղիներ եւ լեռնադահուկային ուղիներ: Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առեւտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: Tweet Դիտում՝ 4794