Վարշավայում փետրվարի 19-20-ը կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։«Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ առանձնացրեցինք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը եւ վերականգնվող էներգետիկան։ Լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաեւ կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Լեհական կողմն էլ նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական եւ եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ կողմերը նշել են, որ արձանագրվել է այցելությունների երկկողմանի աճ: Մասնավորապես, 2017-ին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելությունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների եւ լրագրողների ճանաչողական այց Հայաստան։ Նշվել է, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։Հայկական կողմը քննարկումներ է ունեցել նաեւ Լեհաստանի զարգացման բանկի եւ Ներդրումների ընդլայնման ֆոնդի հետ: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցել այն լեհական ընկերություններին, որոնք արտադրություններ կհիմնեն Հայաստանում՝ տրամադրելով արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ եւ իրականացնելով համատեղ ներդրումներ։Նիստի շրջանակում կայացել է B2G (business-to-government) ձեւաչափով գործարար համաժողով, որին մասնակցել են ավելի քան 100 լեհ գործարար: Հայկական կողմն առաջարկել է ուսումնասիրել նաեւ անասնապահության եւ թռչնաբուծության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը՝ հետագայում արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ եւ Իրան արտահանելու հեռանկարով: «Լեհ գործարարներին ներկայացրել ենք հինգ հիմնական ներդրումային ուղղությունները՝ ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն եւ թռչնաբուծություն, օրգանական գյուղատնտեսություն եւ ոչ ավանդական բանջարեղենի ու հատապտուղների արտադրություն»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն, սահմանվել են հետագա գործակցության ուղղությունները՝ ըստ ոլորտների: Ստորագրվել է նաեւ էներգետիկայի ոլորտում մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որով լեհական ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային էներգիայի ոլորտում։ Tweet Դիտում՝ 1964