ՊԵԿ-ը ներկայացրել է հարկման մեխանիզմների բարեփոխումները

20.02.2018 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Վախթանգ Միրումյան
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր հայտարարել է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները:

Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ բիզնեսին աջակցող միջոցառումների արդյունքում պետությունը տնտեսվարողներին շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում:

«Սա ընդգծված եւ երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ եւ ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»,- ասել է Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ 2018թ. հունվարի 1-ից կիրառվում է ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը:

«20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 1,4 մլրդ դրամի 14 հայտ, որը հիմնավորվելու դեպքում վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձեւավորելով շրջանառու միջոցներ»,- նշել է Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները եւ հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու.

«Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»:

Վախթանգ Միրումյանի խոսքով, հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Ըստ դրա, կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունն երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ եւ արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում:

Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրել է ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Բիզնեսի համար կարեւոր քայլ է նաեւ շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25% չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որեւէ սահմանափակման:

«Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4% դրույքաչափով եկամտային հարկի փոխարեն վճարելու են 20% շահութահարկ»,- տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաեւ ակցիզային դրոշմանիշեըի եւ դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման եւ հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենայով Հայաստան եկող զբոսաշրջիկն այլեւս ճանապարհային հարկ չի վճարում»,- եզրափակել է Վախթանգ Միրումյանը:

Պաշտոնյան անդրադարձել է նաեւ հարկային վարչարարության արմատական փոփոխություններին եւ պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսվարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,- նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են:

Միրումյանը հայտնել է նաեւ, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ:
Դիտում՝ 1692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW