ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի ու Sil Maaza ընկերության աջակցությամբ փետրվարի 10-ին Երեւանում կկայանա ԶԼՄ-ների միջեւ շախմատի չորրորդ մրցաշարը, որի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Մրցաշարը տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ ք. Երեւան, Շեւչենկոյի փ. 34 հասցեով:Ինչպես հայտնել են բանկում, մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11:00-ին եւ կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից եւ կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե եւ լրացուցիչ 5 վայրկյան՝ ամեն քայլի համար:Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն եւ մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը եւ ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսեւորելու համար, ամենաարագ հաղթանակի համար եւ ամենատարեց մասնակիցը:Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցի մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից: «Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջեւ նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ-Հայաստան Բանկին այս արդեն ավանդական դարձած մրցումներին աջակցման համար»,- նշել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 6009