Հայաստան-ԵԱՏՄ առեւտուրը 2017-ին աճել է 25%-ով

02.02.2018 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ԵԱՏՄ #Ալմաթի
Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առեւտրի ծավալն աճել է շուրջ 25 %-ով:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով Ալմաթի քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Վարչապետը նշել է, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարարումների աճ՝ 40,4%-ով, ինչպես նաեւ ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9%-ով:

«Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7,7% եւ, ակնկալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլեւ շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա: Կարեւոր է նաեւ ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռեւս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու եւ լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսել է գործել ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ):

«Կարծում ենք, ԱՏԳ-ն լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով եւ պատրաստ  ենք համագործակցելու ոչ միայն ԱՏԳ-ում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաեւ համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին Ռուսաստանում:

Նիստի շրջանակում Կարեն Կարապետյանն առանձնազրույց էր ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  մի շարք հարցեր էին քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Դիտում՝ 2074
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW