Հայաստանում գործող 140 տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է Հայաստանում առաջին անգամ կիրառվող արկածային տուրիզմի ապահովագրության գործընթացի մեկնարկին նվիրված շնորհանդեսը։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի արկածային տուրիզմի ասոցիացիայի համատեղ մշակած ապահովագրական պրոդուկտը ներկայացրել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը։ Արկածային տուրիզմի ապահովագրությունը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք վարում են ակտիվ կյանք եւ նախընտրում են ակտիվ հանգիստ կամ զբաղվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ սպորտով։Զբոսաշրջիկների եւ Հայաստանի բնակիչների համար նախատեսված ապահովագրական պրոդուկտը գործում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այն տրամադրում է 5 մլն դրամի սահմաններում ապահովագրություն դժբախտ պատահարներից։«Բոլորիս հայտնի է, որ սպորտը կապված է բարձր ռիսկի հետ եւ վնասվածք կարող են ստանալ ինչպես սկսնակները, այնպես էլ պրոֆեսիոնալները: Ունենալով ապահովագրական ծածկույթ՝ մարդիկ զերծ կմնան հետագա ֆինանսական խնդիրներից»,- ասել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Անձնական ապահովագրության վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշել է, որ արկածային տուրիզմի ապահովագրությունը երկար սպասված պրոդուկտ է: «Հայաստանում, շնորհիվ պետություն-մասնավոր հատված ակտիվ ու արդյունավետ համագործակցության, արկածային, քայլարշավային, սպորտային զբոսաշրջության ոլորտներում էական զարգացումներ եւ հաջողություններ են գրանցվել, ձեւավորվել եւ միջազգային ու ներքին շուկայում ներկայացվում են բազմազան զբոսաշրջային արդյունքներ։ Զարգացման ներկա փուլում ապահովագրական փաթեթների առաջարկն արդիական է եւ անհրաժեշտ՝ ի նպաստ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդման եւ շարունակական բարձրացման»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 3885