Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակում 16 վերամշակող ընկերությունների արդեն տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացնելով գյուղմթերքի արտահանումների եւ մթերումների, ինչպես նաեւ 2017թ. մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները:«Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաեւ 2018-ին, վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչեւ 1 մլրդ դրամ», - նշել է նա:Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2017-ին մթերվել է շուրջ 70 հազ. տոննա պտուղբանջարեղեն՝ նախորդ տարվա 61 հազ. տոննայի դիմաց: Ընդ որում՝ խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընթացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննա խաղողի փոխարեն: Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ այս պահին դեռեւս պահպանվում է 2015թ. իրականացված մթերումների դիմաց «Վինար» ընկերության պարտքը, որը այսօրվա դրությամբ կազմում է 34 մլն դրամ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Մինչդեռ 2017թ. կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90%-ով իրականացված են, մնացած գումարները, կնքված պայմանագրերի եւ վճարման ժամանակացույցերի համաձայն, աստիճանաբար կմարվեն:Փոխնախարարը նաեւ նշել է, որ խաղողագործության եւ գինեգործության ոլորտների հետագա զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկայում իրականացնել խաղողի այգիների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ:Անդրադարձ է եղել նաեւ ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշներին, որոնց համաձայն՝ այս պահի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 119 200 տոննա պտուղ-բանջարեղեն, որի հիմնական մասն ուղղվել է Ռուսաստան:Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կասյան փողոցի վերին հատվածում եւ Մաշտոցի պուրակին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:Ներկայացվել են նաեւ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունքները:«Ըստ օպերատիվ տվյալների՝ ծրագրով շահառուներին տրամադրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4,47 մլն դրամ: Ընթացքի մեջ է շուրջ 1,4 մլրդ դրամի գումարով եւս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը»,- հավելել է փոխնախարարը: Ինչ վերաբերում է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրին, ըստ օպերատիվ տվյալների՝ տրամադրվել է 157 միավոր տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն եւ 88 միավոր այլ գյուղտեխնիկա: Tweet Դիտում՝ 2994