Հայաստանի բանկային համակարգի աճի տեմպերը երկու անգամ գերազանցում են տնտեսական զարգացման ընդհանուր տեմպերը
26.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականին Հայաստանի բանկային համակարգում ապահովվեցին զարգացման բարձր տեմպեր` բոլոր հիմնական ցուցանիշներով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) Խորհրդի նախագահ Ստեփան Գիշյանը` հունիսի 25-ին հանդես գալով ՀԲՄ-ի ամենամյա ժողովում:
Նա նշել է, որ Հայաստանի բոլոր բանկերը 2006 թ. աշխատել են եկամուտով: 2006 թ. երկրի առեւտրային բանկերի համախառն եկամուտը կազմել է 17.1 մլրդ դրամ:
2006 թ. վերջի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերի ակտիվները կազմել են 544.2 մլրդ դրամ (աճը` 20%): Վարկային ներդրումների ծավալը կազմել է 254.5 մլրդ դրամ (աճը` 21.23%):
Բանկերի ընդհանուր պարտականությունները կազմել են 424.1 մլրդ դրամ (աճը` 18.35%): Ֆիզիկական եւ իրավաբանական անձանից ներգրավված ավանդների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը:
Ստեփան Գիշյանն ընդգծել է, որ Հայաստանի բանկային համակարգի աճի տեմպերը երկու անգամ գերազանցում են տնտեսական զարգացման ընդհանուր տեմպերը: ՀՀ տնտեսական աճը կազմում է 10-12%, իսկ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 20-24%:
Գիշյանի խոսքերով, աճող մրցակցության հետեւանքով բանկերի կողմից ներդրվում են նոր տեխնոլոգիաներ եւ ֆինանսական ծառայություններ, ընդլայնվում է բանկային ծառայությունների տեսականին, իջնում են վարկային տոկոսադրույքերը:
Ստեփան Գիշյանի կարծիքով, նոր բանկերի ակնկալվող մուտքը Հայաստան ավելի կուժեղացնի մրցակցությունը, եւ ՀԲՄ-ի դերը կայանում է առողջ մրցակցության եւ էթիկայի նորմերի պահպանման ապահովման մեջ:
Ստեփան Գիշյանը նշել է, որ առեւտրային բանկերը նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում ռիսկերի կառավարման նորագույն համակարգերի ներդրման համար եւ կարելի է ակնկալել, որ մոտակա 2-3 տարիներին հայկական բանկային համակարգը իր վստահելիությամբ եւ արդյունավետությամբ չի զիջի մի շարք եվրոպական բանկերին:
ՀԲՄ Խորհրդի նախագահի գնահատմամբ, երկրի բանկային համակարգը ՀՀ տնտեսության առավելագույն զարգացած ոլորտներից է: Սակայն Հայաստանում վարկային ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին աշխարհում ամենացածրերից է: Ցածր է նաեւ տնտեսության բանկայնացման մակարդակը, եւ ՀԲՄ-ը ողջունում է բանկերի ջանքերը` ուղղված նոր մասնաճյուղերի բացմանը մարզերում:
Գիշյանի կարծիքով, բանկային համակարգի զարգացման համար պետք է օգտագործվեն հայկական սփյուռքի ֆինանսական հնարավորությունները, որոնց կիրառման համար պետք է մշակվեն հատուկ ծրագրեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: