Ամերիաբանկը Financial Times-ի The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Ինչպես հայտնել են բանկում, The Banker ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ իր գործունեության ընթացքում՝ 5-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.): «Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել՝ հաշվի առնելով է մի շարք չափանիշներ. բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը եւ իր երկրի պատմության մեջ 2016-ի արդյունքներով առաջինն է հատել $1 մլրդ վարկային պորտֆելի շեմը, միաժամանակ, ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել տեխնոլոգիական նոր լուծումներ առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն: Կարեւորվել է նաեւ միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրությունում: 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաեւ BNP Paribas-ը (Բելգիա եւ Ֆրանսիա), Bank of America-ն (ԱՄՆ), Bank of China-ն (Հոնկոնգ), TBC Bank-ը (Վրաստան) եւ ֆինանսական այլ հայտնի կառույցներ: The Banker-ի մրցանակաբաշխությունն անցկացվում է 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի բանկեր: Tweet Դիտում՝ 12381