ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը եւ պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը։ Վարչապետի խոսքով՝ «Գործարարությամբ զբաղվելը» 2018թ. զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին եւ արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ «Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները՝ խիստ պատճառաբանված։ Միաժամանակ, գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաեւ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Tweet Դիտում՝ 2354