ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2016թ. դեկտեմբերին կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել էր ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:Banks.am-ը դիմել է ԿԳՆ-ին՝ փորձելով հասկանալ, թե ինչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ: Ստորեւ ներկայացնում ենք նախարարության պատասխանը.«Հանրապետության 13 դպրոցներում ներդրվել է փորձնական ծրագիր «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես եւ շրջակա միջավայրը» եւ «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է դպրոցների ցանկը։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 46 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։ Հանրապետության 1247 դպրոցների մեկական 2-րդ եւ 3րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում՝ ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 1356 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։ Հանրապետության 227 դպրոցների 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 227 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 6300 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։Փորձնական ծրագրի շրջանակում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ուսումնական գործընթացը կմշտադիտարկվի, արդյունքները կամփոփվեն, անհրաժեշտության դեպքում լրամշակումներ կարվեն 2018-2019 թթ․ բոլոր նշված առարկաները դասավանդող ուսուցիչները կվերապատրաստվեն եւ ծրագիրը կներդրվի հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Միեւնույն ժամանակ, կվերանայվեն եւ կհամապատասխանեցվեն դասագրքերը»: Tweet Դիտում՝ 2930