Վարչապետ. 5%-անոց տնտեսական աճին հասնելը մեծ ջանքեր կպահանջի
30.10.2017 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում՝ «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ իր ելույթում:
«Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով եւ թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր եւ ծավալուն աշխատանք կպահանջի»,- ընդգծել է նա:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը:
«Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017թ. հաստատվել է բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով պետբյուջեի ծախսային քաղաքականությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձեւավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
Ինչ վերաբերում է եկամտային քաղաքականությունը, ապա այն, ըստ վարչապետի, լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, եւ թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարեւորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձեւավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է կառավարության ծրագրում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: