ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հայտարարել է, որ «կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն արդարացված է»:Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով նախարարության կողմից վերջին մեկ տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:«Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է, եւ այն տեսլականը, որն ունեինք եւ որի մասին հայտնել ենք ձեզ մեկ տարի առաջ, իրականացվելի է»,- ասել է նախարարը: Հայաստանի հետագա զարգացումը Սուրեն Կարայանը տեսնում է արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ: Նրա խոսքով՝ առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է ապրանքների արտահանման 21,7% աճ, իսկ, ընդհանուր առմամբ, ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճը գերազանցել է 20%-ը:«Մեր գնահատականներով՝ ՀՆԱ-ի մեջ արտահանման տեսակարար կշիռը տարվա արդյունքներով կկարողանանք հասցնել 37-38%-ի: Սա արդեն մեզ հիմք է տալիս առաջիկա տարիների ընթացքում ապահովելու այն ցուցանիշը, որն ամրագրել ենք կառավարության ծրագրում՝ 40-45%»,- ընդգծել է ոլորտի պատասխանատուն:Նախարարի կարծիքով՝ տնտեսության ակտիվացումը, հատկապես մշակող արդյունաբերության, ծառայությունների եւ առեւտրի ոլորտում, էապես կբարձրացնի բնակչության կենսամակարդակը՝ դրականորեն անդրադառնալով նաեւ միգրացիայի վրա:«Ինչպես տեսնում եք՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը տպավորիչ են, եւ դա նպաստելու է, որպեսզի Հայաստանի բնակչությունն ավելանա: Այսինքն՝ առաջիկայում Հայաստան ավելի շատ գալու են, քան այստեղից գնալու են: Տնտեսության զարգացման բոլոր տենդենցներն այդ մասին են խոսում»,- ընդգծել է նա:Անդրադառնալով ներդրումների դինամիկային՝ Սուրեն Կարայանը նշել է, որ 2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումներ ներհոսքի ծավալը կազմել է շուրջ $1,2 մլրդ, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ $327 մլն. ցուցանիշները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 36,6%-ով եւ 26,3-ով: «Ներդրումների դինամիկան ճիշտ չէ գնահատել զուտ ցուցանիշով, որը հաշվարկվում է երկիր մտած եւ դուրս եկած գումարների տարբերությամբ: Դուրս եկած գումարները դեռ չեն նշանակում կապիտալի արտահոսք, դա կարող է լինել շահաբաժինների վճարում, վարկի մարում եւ այլն: Հետեւաբար, անհրաժեշտ է վերցնել ներդրումների ներհոսքը»,- պարզաբանել է նախարարը: Tweet Դիտում՝ 2778