Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն այսօր ասել է, որ կենտրոնի գործը ներդրող ներգրավելը չէ, այլ տնտեսական բարեփոխումների օրակարգի ձեւավորմանն ու իրագործմանն աջակցելը՝ ստեղծելով բարենպաստ ներդրումային միջավայր:Այս մասին Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով կենտրոնի կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները:«Ներդրումներն արագ չեն լինում, հատկապես եթե դրանք մաքուր օտարերկրյա են, այսինքն, երբ ներդրողները Հայաստանի հետ առնչություն երբեւէ չեն ունեցել: Անձամբ՝ որպես վարչապետի խորհրդական, հանդիպել եմ 5-6 ներդրողի: Ներդրումային այդ ծրագրերը ներկայում ուսումնասիրության փուլում են, դրանցից որոշները մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն»,- նշել է նա:Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով՝ կենտրոնն իր 9-ամսյա գործունեության ընթացքում փորձել է պետությունը մասնավոր հատվածին կապող յուրահատուկ հարթակ դառնալ:«Հեղաշրջում չենք արել, պարզապես նոր մոդել ենք մշակել, որտեղ պետությունն ու մասնավորը համագործակցելով տնտեսական բարեփոխումների օրակարգ են մշակում եւ իրականացնում: Մեր առաքելությունը կոնկրետ ֆունկցիայով չենք սահմանափակում, այլ փորձում ենք տեսնել՝ որտեղ ինչ դերակատարություն կարող ենք ունենալ, եւ այդ ուղղությամբ լավագույնս ծառայություն մատուցել»,- ընդգծել է նա:Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ իրենք մասնակցել են մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ զբոսաշրջային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, պետական կառավարման համակարգի, հարկային եւ մաքսային վարչարարության:Պատասխանելով Banks.am-ի հարցին, թե հարկային ոլորտի բարեփոխումներում ինչ առանձնահատուկ գործառույթներ է ունեցել կենտրոնը, որը չէին կարող կատարել ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը, Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է, որ դրանք բոլորովին էլ առանձնահատուկ չեն եղել, այլ հիմնականում կատարել են ինտեգրատորի դեր:«ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի դինամիկան բավական լավն է: Փորձել ենք պահպանել կապը մասնավորի հետ, հավաքել տարատեսակ տեղեկատվություն եւ դրանք փոխանցել ՊԵԿ-ին: Կատարել ենք ինտեգրատորի, երբեմն՝ նոր գաղափարներ առաջարկողի եւ երբեմն էլ գաղափարներ առաջ տանողի դեր: Կային անգամ գաղափարներ, որոնք պարզապես պետք էր վերցնել, փոշին թափ տալ եւ սկսել դրանց ուղղությամբ աշխատանքը»,- ընդգծել է նա:Անդրադառնալով վարչապետի՝ «հուպ տալու» վերաբերյալ հանձնարարականին՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ կենտրոնը դեռ չի հասել իրենց ցանկացած մակարդակին, սակայն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ:«Մեր աշխատանքը ինքներդ պետք է գնահատեք: Կարծում եմ՝ մենք դեռեւս այն թիմը չենք, որը կուզենայինք լինել, սակայն շատ արագ գնում ենք եւ հասնելու ենք դրան: Մեր թիմն աշխատում է շաբաթական մոտ 70 ժամ, մեր 22 աշխատակիցները 26 պրոդուկտ են առաջ տանում: Կարծում եմ՝ «հուպ տալ-չտալու» գնահատականը կախված է նրանից, թե ինչ ակնկալիքներ ունեիք»,- ընդգծել է նա:Ալեքսանդր Խաչատուրյանը տեղեկացրել է, որ կենտրոնի ընդհանուր բյուջեին $500 հազ. տրամադրել է կառավարությունը՝ ընթացիկ գործունեության իրականացման համար, իսկ $3,1 մլն-ը ներգրավվել է դոնոր կազմակերպություններից՝ տեխնիկական աջակցության տեսքով: Բանակցություններ են ընթանում եւս $3,5 մլն-ի աջակցություն ներգրավելու համար: Tweet Դիտում՝ 5937