Երբ գինին տոնի է վերածում Արենին

09.10.2017 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արենի #գինի #Նունե Մանուկյան
Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղը հյուրընկալում է գինեսերների Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից՝ միասին նշելու գինու տոնը։ Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական տարբեր գինեգործական ընկերություններին, ինչպես նաեւ գյուղացուն ներկայացնել իր արտադրանքը։

«Այս տարի զբոսաշրջիկների քանակն ավելի շատ է, քան տեղացիներինը։ 9-րդ փառատոնը նշանավորվեց նաեւ նրանով, որ ունեցանք գինու համտես-մրցույթ, որի անցկացման համար ընդունել էինք պատվավոր հյուրերի Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից եւ Ֆինլանդիայից։ Մենք մտնում ենք մի ընտանիք, որտեղ գինեգործությունը ճանաչում են։ Սա, իհարկե, նպաստում է Հայաստանի զարգացմանը»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Գինու համտես-մրցույթի արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին:

   
Փառատոնի հստակ սահմանված օրը հնարավորություն է տալիս տուրիստական կազմակերպություններին այն ներառող փաթեթները վաճառել ամբողջ տարվա ընթացքում։ Տուրիստական կազմակերպություններից մեկի ուղեկցությամբ էլ իր ընկերների հետ Արենի էր եկել Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ Հակոբը:

«Արդեն եղել ենք գինու գործարանում եւ գիտենք, որ հայերը գինի են պատրաստել դեռ 6100 տարի առաջ։ Հայկական գինին հրաշալի է, ինչպես եւ ակնկալում էինք»,-ասել է Հակոբը՝ հավելելով, որ հնարավորություն լինելու դեպքում անպայման կկրկնի այցը Հայաստան։


Այս տարի հատուկ ուշադրություն էր դարձվել տարածքի ձեւավորմանը:

«Տեղադրելով հատուկ վրաններ՝ փորձել ենք ավելի հարմարավետ դարձնել գինեգործների տարածքը, որ կարողանան ավելի ազատ աշխատել։ Հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար ունենք հանգստի գոտի, որտեղ այցելուները կարող են ժամանակ անցկացնել, սնվել։ Այս տարի փորձել ենք տարածքն ավելի շահավետ օգտագործել»,- ասել է փառատոնի դիզայներ Մարթա Պալոյանը։


Ձգտելով ունենալ էկոլոգիապես ավելի մաքուր Հայաստան՝ կազմակերպիչները փորձել էին նաեւ հնարավորինս նվազեցնել պլաստիկի օգտագործումը։ Գինու համտեսն իրականացվում էր ոչ թե պլաստմասե, այլ ապակե բաժակներով։ Բացի այդ՝ փառատոնի անցկացման վայրում տեղադրված էին 25 աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ 4 տեսակ աղբի համար նախատեսված տարաներ՝ պլաստիկ շշերի, թղթի, ապակե իրերի եւ մնացած աղբի համար։


Fests go green ծրագրի կամավորները, տեղում աշխատելով, օգնում էին այցելուներին ճիշտ կողմնորոշվել եւ աղբը համապատասխան տարաները նետել։ Հավաքված աղբը կտեղափոխվի վերամշակման կայաններ եւ երկրորդ կիրառություն կստանա։

Ծրագիրը նախատեսում է թղթի վերամշակումից ստացված տարաներն օգտագործել հաջորդ փառատոնների ընթացքում՝ պլաստիկի քանակը նվազեցնելու նպատակով։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 8319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW