Երեւան, 6 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մի քանի ընկերությունների մուտքը Հայաստանի կապիտալի շուկա կարող է լավ օրինակ դառնալ երկրի մյուս տնտեսվարող սուբյեկտների համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով “Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները” կլոր սեղանին: Նրա խոսքերով, բավական է, որպեսզի կապիտալի շուկա մտնեն 5 խոշոր ընկերություններ, որպեսզի մյուսների մոտ ցանկություն առաջանա վերափոխվել բաժնետիրական ընկերությունների: “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշել է, որ շվեդական OMX Group-ը ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի կապիտալի շուկա մտնելու համար: “Մեզ հետաքրքրում է OMX-ի հետ համագործակցության հեռանկարը, մենք քննարկումներ ենք անցկացրել նրանց հետ: Մոտ ժամանակներս “ՀայՌուսգազարդը” կթողարկի իր առաջին պարտատոմսերը, որոնք կարող են դառնալ հուսալի եւ լիկվիդային արժեթղթեր”, - ասել է Կարեն Կարապետյանը: “Սիլ” կոնցերնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի խոսքերով, հայկական շուկայի կայացման սկզբնական փուլում վճռորոշ դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը` ապահովելով կապիտալի ներհոսքը երկիր: Նա նշել է, որ արժեթղթերի շուկայի կայացումը շատ կարեւոր է նաեւ կենսաթոշակային համակարգի բարեփոխման տեսանկյունից: “Սիլ” կոնցերնի արտադրական հատվածը պատրաստ է համագործակցել տարբեր ֆինանսական կառույցների, եւ մասնավորապես` OMX-ի հետ, նշել է Խաչատուր Սուքիասյանը: Armenian Copper Programme (ACP) ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի կապիտալի շուկայի վերակենդանացման նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6701