ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է ընդլայնել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ու պարզեցնել դրամական վճարներն անկանխիկ եղանակով տրամադրելու ընթացակարգերը:Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ տարեսկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ վճարի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա: Վարչապետի խոսքով՝ նշված համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15 հազ. մարդ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի եւ համապատասխան պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի թերություններով եւ վարչարարության ձեւական պահանջներով»,- նշել է Կարեն Կարապետյանը:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է մինչեւ դեկտեմբերի 30-ը միջոցներ ձեռնարկել ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգերի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ՝ հարցը, ըստ անհրաժեշտության, քննարկելով նաեւ Կենտրոնական բանկի հետ:Բացի այդ, հանձնարարվել է պարզեցնել վարչարարությունը եւ գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում՝ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրառումը: Tweet Դիտում՝ 1434